Տևական ժամանակ հայկական բռնցքամարտը բաժանված էր 2 ճամբարի, Հայաստանում գործում էր 2 ֆեդերացիա. մեկը հովանավորվում էր պետությունից, մյուսին աջակցում էր ՀԱՕԿ-ը: Մրցումների էլ գնում էին 2 տարբեր թիմերով: Այս ամենի օրինական վերջը եղան Կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարության վերահսկողությամբ կայացած ընտրությունները, որի ժամանակ ընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահ:
Նախապես հայտարարված 4 թեկնածուից ի վերջո պայքարում մնացին 2-ը: Էդգար Կարապետյանը հրաժարվեց մասնակցել ընտրություններին՝ դրանք որակելով հակաօրինական, իսկ Իլյա Վարովը չէր ներկայացել ընտրությանը: Ֆեդերացիայի նախագահի պարտականությունները կատարող Ռուստամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ չի մասնակցում ընտրությանը, և հեռացավ:
Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար պայքարեցին բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը և աշխարհի չեմպիոն և գավաթակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը:
15-րդ ընտրական համաժողովի հենց սկզբին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որն էլ հենց հանձն էր առել ընտրության արդարացի և օրինական լինելու պաասխանատվությունը, ներկաներին հավատացրեց, որ ընտրությունները առավել քան թափանցիկ են լինելու: Ընտրություններին ներկա էր ԱԻԲԱ-ի երկու ներկայացուցիչ, որոնք իրենց խոսքում վստահություն հայտնեցին անցկացվող ընտրությանը, ձևաչափին և օրինական լինելուն:
Ընտրություններից առաջ փոխվեց ՀԲՖ-ի գործող կանոնադրությունը: Ըստ նախորդ կանոնադրության՝ քվեարկելու իրավունք ուներ 74 պատվիրակ։ Քվեարկությամբ որոշվեց լուծել ևս 21 պատվիրակի ֆեդերացիայի անդամակցություն տալու հարցը, որից հետո քվեարկելու իրավունք ստացավ 95 պատվիրակ։
Առաջարկվեց կանոնադրությունում փոխել ընտրությանը մասնակցելու թեկնածուների մասով, համաձայն որի՝ ֆեդերացիայի նախագահ կարող է ընտրվել և հանդիսանալ առնվազն վերջին երեք տարիներին անընդմեջ Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Դա ձևակերպվեց հետևյալ կերպ՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ կարող է ընտրվել ՀՀ ցանկացած քաղաքացի, առանց պարտադիր վերջին 3 տարում գործադիր կոմիտեի անդամ լինելու։ Կանոնադրության այս կետի փոփոխությունն ընդունվեց 94 կողմ և 1 դեմ ձայնով։ Նախագահի թեկնածուներ Իսրայել Հակոբկոխյանն ու Հովհաննես Հովսեփյանը ներկայացրին իրենց ծրագրերը, որից հետո մեկնարկեց փակ քվեարկությունը։
Քվեարկելու իրավունք ունեցող 95 պատվիրակից ընտրությանը մասնակցեց 92-ը: Հովհաննես Հովսեփյանը հավաքեց 67 ձայն, Իսրայել Հակոբկոխյանը՝ 10: 15 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:
Ընտրությունից հետո Իսրայել Հակոբկոխյանը շնորհավորեց նորընտիր նախագահին՝ շնորհակալություն հայտնելով իր օգտին քվեարկած մարդկանց:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ Հովսեփյանին առաջարկեց Հակոբկոխյանի գիտելիքներն ու ներուժը օգտագործել ի շահ հայկական բռնցքամարտի:
Հովսեփյանն էլ իր հերթին նշեց, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են հայկական բռնցքամարտի վերելքը, միանշանակ տեղ կունենան նորաստեղծ ֆեդերացիայում, իսկ ֆեդերացիայի վերջնական կազմը կհայտարարվի 2 շաբաթվա ընթացքում:
Հովսեփյանը գոհ է անցկացված ընտրություններից և արդյունքներից:
Իբրև ամփոփում՝ ԿԳՄՍ փոխնախարարը շնորհավորեց նորընտիր նախագահին, ընդգծեց գործող իրավիճակի դադարելու կարևորությունը և հույս հայտնեց, որ հայկական բռնցքամարտի հաջողություններով դեռ շատ ուրախանալու առիթներ կունենանք:
Հեղինակ՝ Շուշանիկ Հակոբյան