Համացանցով վիճակախաղերի գովազդների սահմանափակումների կանոնակարգմամբ պայմանավորված Կառավարությունն առաջարկում է համացանցով վիճակախաղերի գովազդի մինչև 20 տոկոս կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամայինը՝ գովազդը թույլատրել ժամը 22:00-ից մինչև առավոտյան 7:00-ն:
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովին նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է փոփոխության հիմնական պատճառը՝ խաղադրույքների ծավալն ու խաղացողների քանակն ավելացել է:
Արմեն Հայրապետյան, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - 2018 թվականից մինչև 2020 թվականի ավարտը խաղադրույքների ծավալը ավելացել է մոտ վեց անգամ, իսկ խաղացողների կամ խաղային հաշիվները՝ մոտ երեք անգամ։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գովազդի արդյունքում կազմակերպիչները ոչ միայն միմյանցից են հաճախորդներ տարել, այլև նոր խաղացողներ են ներգրավել։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաև Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության նախագծին: Առաջարկում են փոփոխություններ կատարել լիցենզավորման, պետական տուրքի ու կրթության մասին օրենքներում։ Հաճախ նախադպրոցական հաստատությունների պայմանները չեն համապատասխանում կրթական գործընթաց կազմակերպելու տարրական պահանջներին։ Նախագծով պարտադիր կդառնա նախադրպրոցական հաստատությունների հավաստագրումը։
Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Մոտավոր հաշվարկով՝ 300 կազմակերպությունների մասին է խոսքը, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր ծրագրեր։ Կենտրոնները, գործելով վերահսկողությունից դուրս, չեն ապահովում երեխաների առողջական վիճակը, չեն ապահովում նաև նախակրթական ծրագրերը։
Հանձնաժողովի օրակարգում էր նաև Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագիծը, երկար քննարկումներից հետո այն դրական եզրակացություն ստացավ, բայց վերապահումով, որ մինչև լիագումար նիստի օրակարգ ներառվելը որոշ փոփոխություններ կարվեն: