ԱՄՆ այցի շրջանակում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Յորքում գտնվող ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակում հանդիպել է Բարեգործականի անդամների հետ:
Հանդիպմանը տեսակապով միացել էին նաև ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը և Կենտրոնական խորհրդի անդամ Արդա Նազիրյան-Հարությունյանը: Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրել է համավարակի, Լիբանանի պայթյունի և պատերազմի ընթացքում գրասենյակի աշխատանքները, ինչպես նաև կարևորել ՀԲԸՄ-ի գործունեությունը հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում:
Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել Արցախում տիրող իրավիճակին, իրականացվող ծրագրերին, մանրամասն խոսել գրասենյակի գործունեության մասին: Կարևորելով ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագիրը՝ բոլորը միակարծիք էին, որ պետք է սփյուռքի մասնագիտական ներուժի ավելի մեծ ներգրավվածության հնարավորություններ ընձեռնվեն պետության կողմից:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, և Գլխավոր հանձնակատարը հանգամանալից պատասխանել է ներկաների բոլոր հարցերին: