Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխայի պաշտպանության ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանին, այլ աշխատակիցների: Հանդիպման սկզբում հյուրերը խոսեցին այցի նպատակների մասին, համաձայն որի՝ նախատեսել են «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի մոդելի հիման վրա Գավառ քաղաքում հիմնել «Գավառի երիտասարդների տուն»՝ Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ:
Գավառ քաղաքում նման կենտրոն հիմնելու նպատակով աշխատանքային խումբը հանդիպում էր ունեցել նաև Գավառի քաղաքապետարանում, որտեղ քննարկվել էր կենտրոնի տարածքի ընտրության հետ կապված հարցը:
Ըստ Արթուր Նաջարյանի՝ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ և սկզբունքներով աշխատող կառույց է: ՄԱԿ-ի Ճգնաժամային օգնության կենտրոն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ նման կենտրոններ այս պահին գործում են Գյումրիում և Սպիտակում:
Ինչպես նշվեց նկարագրության մեջ՝ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի նպատակն է բարձրացնել երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու բարեկեցությունը՝ պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատանքի իրականացման և հասանելի երիտասարդական ծառայությունների տրամադրման միջոցով: Կենտրոնի գործունեության ուղղություններն են՝ կրթությունը, զբաղվածությունը, ժամանցի կազմակերպումը, առողջ ապրելակերպի խթանումը և մասնագիտական կողմնորոշումը:
«Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է երիտասարդների կյանքի որակի բարելավմանը, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու համայնքային կյանքին ներգրավմանը: Կենտրոնը 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք է, ինչպես նաև նպաստող միջավայր՝ նրանց սոցիալականացմանը և համայնքներում դրական փոփոխությունների իրականացմանը: Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններն անվճար են»,- նշել է Արթուր Նաջարյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունել է հյուրերին ցուցաբերվող նախաձեռնության համար՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզի երիտասարդները, իրոք, նման կենտրոն հաճախելու կարիք ունեն:
«Ես համոզված եմ, որ այս նախաձեռնությունը կտա իր տեսանելի և շոշափելի արդյունքը Գավառ քաղաքի երիտասարդների շրջանում, և կարծում եմ, որ հստակ ժամկետներում մենք համատեղ աշխատանքի արդյունքում կհասնենք այն նպատակին, ինչին որ ձգտում ենք: Ես կարևորում եմ նման երիտասարդական կենտրոնների դերը մեր մարզի բոլոր քաղաքային, ինչպես նաև գյուղական բնակավայրերում, քանզի մեր երիտասարդների համար չկան բավարար պայմաններ իրենց ազատ ժամանակը և ժամանցը կազմակերպելու համար: Մենք ամբողջովին տրամադրված ենք, որպեսզի մարզում ստեղծվի այդ կենտրոնը և մեր լիազորությունների շրջանակներում պատրաստակամ ենք աջակցել ձեզ, որպեսզի սեղմ ժամկետներում հիմնվի այդ կենտրոնը և ծառայի մեր երիտասարդների կրթվածության ու զարգացվածության խորացմանը»:
Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում, որի ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ կդիտարկվի կենտրոնի համար ընտրված տարածքի բարեկարգման հետ կապված խնդիրները: