ՀՀ պետական սահմանին տեսալուսանկարահանող անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու նպատակով «Պետական սահմանի» օրենքում լրացում կկատարվի, իսկ Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կլինեն: Փոփոխությունների նախագիծը քննարկվեց և հավանության արժանացավ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը նշեց, որ 2020 թվականի փետրվարին ՀՀ ԱԳ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ-ում տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչները բարձրաձայնել են, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող և անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող նկարահանումները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ ՀՀ պետական սահմանի պահպանության վրա: Նկարահանումների արդյունքում կարող են բացահայտվել ՀՀ պետական սահմանի պահպանության հնարավոր խոցելի տեղերը: Շատացել են նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը:
Մելքոնյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելել առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, սահմապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցները: Մելքոնյանը նշեց, որ նմանատիպ կարգավորումներ նախատեսված են ԱՊՀ մի շարք պետությունների օրենսդրություններով:
Նա հայտնեց, որ առաջարկվող օրենքի նախագիծը մշակվել և շրջանառության մեջ է դրվել դեռևս 2020 թվականի ամռանը՝ մինչև Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի դեմ սանձազերծված գործողություններ սկսելը:
«Դա ամենևին կապված չէ 2021 թվականի փետրվարի 10-ին Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքէջում տեղակայված՝ ԶԼՄ-ների կողմից Սյունիքի մարզի Ադրբեջանի հետ սահմանակից դարձած հատվածներում լուսաբանում իրականացնելու համար ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը ստանալու իրազեկման հետ, որը պայմանավորված է եղել ստեղծված օպերատիվ իրավիճակով և լրագրողների անվտանգությունը ապահովելու նկատառումներով: «Պետական սահմանի» մասին օրենքում առաջարկվող սահմանափակումները կիրառվելու են բացառապես պետական սահմանի սահմանային շերտում, իսկ Սյունիքի մարզի նոր ձևավորվող պետական սահմանի 520 կմ հատվածով կկիրառվեն այն ժամանակ, երբ հստակ կսահմանվի սահմանային շերտը, և այնտեղ կտեղադրվեն պետական սահմանի սահմանանշաններ և սահմանային շերտ մուտք գործելու վերաբերյալ նախազգուշացնող նշաններ»,- ասաց Մելքոնյանը: