ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» հարցը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ Քրեական օերնսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:
«Մասնավորապես, նախագծով առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն մարդկանց, որոնք դատապարտվել են ազատությունից զրկվելու հետ կապված պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ հետաձգվել է, և որոնք դատապարտվել են ազատությունից զրկվելու հետ չկապված պատժի: Համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացված վերահսկողությունը: Նախատեսվում է նաև համաներում հայտարարելով՝ քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քերական գործի վարույթը կարճել, քրեական հետապնդումը չիրականացնել կամ դադարեցնել այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով»,- նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը:
Համաներումը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, ովքեր մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, բացի ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով, կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են այլ հոդվածով: Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ նրանց, որոնք մինչև 2021 թ դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատական վարույթում է, դատարան: Այն անձանց նկատմամբ, որոնց՝ վերջին 10 տարվա ընթացքում նշանակված պատժաչափը կրճատվել է ՀՀ նախագահի՝ ներում շնորհելու մասին հրամանագրի կամ ՀՀ ԱԺ համաներման ակտի հիման վրա, կամ որոնց պատիժը կրելուց ազատել են ՀՀ նախագահի՝ ներում շնորհելու մասին հրամանագրի կամ ՀՀ ԱԺ համաներման ակտի հիման վրա, կամ որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է ՀՀ ԱԺ համաներման ակտի հիման վրա:
Նախատեսվող համաներման շահառու կարող է հանդիսանալ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած՝ ՀՀ Քրեական օերնսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հետախուզման մեջ գտնվող առավելագույնը 5131 և դատապարտված առավելագույնը 124 անձ: