ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը և դրան կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ և ընդունվել նախորդ տարի սեպտեմբերին, սակայն հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվել է, իսկ փաթեթը դուրս եկել շրջանառությունից:
Հիմնական զեկուցող Աննա Կոստանյանի խոսքով՝ փաթեթը մշակման երկար փուլ է անցել: Կինոյի ոլորտը մեր երկրում առայսօր օրենսդրորեն կարգավորված չէ` Կարգավորված չեն ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ֆիլմի ցուցադրման, ֆիլմի՝ միջազգային կինոփառատոներին մասնակցության պետական ֆինանսավորման և պետական աջակցության այլ ձևերը: Որևէ կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը Հայաստանում:
Օրենսդրական փաթեթի ընդունումը կապահովի կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը Հայաստանում, կստեղծի բավարար իրավական երաշխիքներ և կաջակցի ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանը, ցուցադրմանն ու առաջխաղացմանը, ինչպես նաև կինոժառանգության և կինոտարեգրության պահպանմանն ու հասանելիության ապահովմանը:
Նշվեց, որ օրենքների նախագծերը մշակվել են` հիմք ընդունելով մի շարք երկրներում կինեմատոգրաֆիայի ոլորտի օրենսդրական կարգավորման փորձը: Մասնավորապես, ուսումնասիրվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Կանադայի, Չեխիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Վրաստանի, Բուլղարիայի, Իսլանդիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտեր:
Աննա Կոստանյանն ընդգծեց, որ նախորդ անգամ եղել են առաջարկներ, որոնք հաշվի են առնվել, և կատարվել են որոշակի փոփոխություններ:
Հարակից զեկուցող պատգամավոր Արթուր Մանուկյանը նշեց, որ սա երկար սպասված օրենքի նախագիծ է, որի վերաբերյալ ունեցել է բազմաթիվ քննարկումներ: Հանդիպել է ոլորտի մասնագետների հետ, լսել նրանց դրական կարծիքները: Պատգամավորն առաջարկեց գործընկերներին՝ դրական եզրակացություն տալ:
Ներկայացնելով Կառավարության կարծիքը` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նշեց, որ հիմնական առարկությունները, որոնք ներկայացվել են գործադիրի կողմից նախորդ քննարկումների ժամանակ, մնացել են անփոփոխ: Կառավարությունը փաթեթի վերաբերյալ ունի առարկություններ և վերապահումներ, օրինագծերի որոշ դրույթներ խնդրահարույց են և փոփոխման ու հստակեցման կարիք ունեն:
Հանձնաժողովի նախագահն առաջարկեց փոխնախարարին՝ Կառավարության ներկայացրած գրավոր կարծիքը դնել մի կողմ և ներկայացնել սեփական տեսակետը՝ որպես ոլորտի մասնագետ: Նա հետաքրքրվեց ոլորտի վերաբերյալ նախարարության երկու տարվա կատարած աշխատանքներով:
Փոխնախարարն ընդգծեց, որ ոլորտի ամենալուրջ խնդիրը կինոկրթությունն է: Նախարարությունը մշակում է այդ ուղղությամբ ծրագրեր:
Մխիթար Հայրապետյանն առաջարկեց Կառավարության ներկայացուցչին ԱԺ հերթական նիստերի քննարկման ժամանակ ներկայացնել օրենքի այլընտրանքը:
Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողն առաջարկեց ԱԺ հերթական նիստերում սահմանել քննարկման հատուկ ընթացակարգ:
Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: