Դեպի Արցախ զբոսաշրջային հոսքերի ակտիվացման փորձ է արվում պետության և մասնավոր հատվածի գործակցությամբ: Համավարակից և 44-օրյա պատերազմից հետո Արցախում պետք է վերականգնել զբոսաշրջությունը՝ ասում է տուրիզմի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարը:
Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ) - Մշակելու ենք այն անհրաժեշտ միջոցառումներն ու ուղղությունները, և՝ զբոսաշրջային արդյունքները դիվերսիֆիկացնելու միջոցով, դրանք պատշաճ թե՛ հայաստանյան, թե՛ համաշխարհային շուկային ներկայացնելու՝ անհրաժեշտ մարքեթինգային և խթանման միջոցառումներ իրականացնելով: Եվ շատ կարևոր է իրազեկել աշխարհին, ներկայացնել, որ Արցախը ինչպես եղել է, այնպես էլ կա՝ ապահով ու անվտանգ:
Հայկական տուրօպերատորների և զբոսաշրջային կոմիտեի ներկայացուցիչներն Արցախում են զբոսաշրջության զարգացման գործակալության հրավերով: Վերջինս գործընկերներին առաջարկում է հանդես գալ «Արցախն անվտանգ է» հեշթեգով:
Սերգեյ Շահվերդյան (Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալության ղեկավար) - Թիվ 1 խնդիրը ՀՀ մեր հայրենակիցներին ցույց տալն է, որ Արցախ կարելի է շարունակել այցելել, ինչպես այցելում էին 1 տարի առաջ: Թիվ 2 խնդիրը մարդկանց մեջ անվտանգության զգացումի վերակագնումն է, որ Արցախում նրանց միշտ իրենց զգացել են անվտանգ:
Տուրիզմի ոլորտում 30 տարվա փորձ ունեցող Արկադի Սահակյանը չունի այն մտահոգությունը, թե պատերազմից հետո զբոսաշրջիկները դժվար թե նախընտրեն գալ Արցախ: Արդեն հայտեր են ստանում:
Արկադի Սահակյան («Ավարայր» զբոսաշրջային ընկերության ղեկավար) - Հայաստանի բնակչությունը եթե չհաշվենք, ֆրանսիացիներն են, որ հետաքրքրություն ունեն, քանի որ երկար տարիներ այցելել են Արցախ, մենք ունենք մշտական հաճախորդներ ԱՄՆ-ից, որոնք գալիս էին Հայաստան, Արցախ, հետո գնում Վրաստան, Ադրբեջան, որ համեմատեն տարածաշրջանը: Նրանք ևս ցանկություն են հայտնել վերադառնալ հին ճանապարհներով: Եվ իտալացիները, որոնք շատ էին կապված Արցախի քրիստոնեական պատմության հետ:
Ճանաչողական այցից առաջ տուրիզմի Հայաստանի ֆեդերացիայի և զբոսաշրջային կոմիտեի ներկայացուցիչները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգել են 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակը: