Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Կազանում է: Օդանավակայանում նրան Թաթարստանի վարչապետ Ալեքսեյ Պեսոշինը դիմավորեց` թաթարական ազգային աղուհացով:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` երկօրյա աշխատանքային այցի առաջին հանդիպումն իր ռուս պաշտոնակցի հետ է: 2022-ին Հայաստանն ու Ռուսաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը` իր բացման խոսքում ընդգծեց Դաշնության վարչապետը: Միխայիլ Միշուստինի խոսքով` Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ ունեցած եղբայրական հարաբերությունները, որոնք բազմամյա ռազմավարական ու դաշակցային բնույթի են: Տնտեսական հարաբերություններից խոսելով էլ Ռուսաստանի կառավարության ղեկավարն անդրադարձավ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:
Միխայիլ Միշուստին, ՌԴ վարչապետ - 2020 թ. նոյեմբերի 9-ի ու 2021 թ. հունվարի 11-ի Ռուաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները համատեղ աշխատանքի համար ընձեռել են մեծ հնարավորություններ: Սա նախ նշանակում է տնտեսական ու տրանսպորտային հանգույցների ապաշրջափակում: Այս ամենը հնարավորություն է ստեղծում Անդրկովկասի կայուն զարգացման համար:
Ռուսաստանի ու Հայաստանի միջև խորացող ռազմավարական հարաբերություններն էլ շեշտադրեց Նիկոլ Փաշինյանը: Լեռնային Ղարաբաղի պատերազմը կանգնեցնելու գործում կարևորեց Ռուսաստանի ու նախագահ Վլադիմիրի Պուտինի դերը: Ասաց` հայկական կողմն արդյունավետ է գնահատում նաև ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Խոսելով ենթակառուցվածքների ապաշրջափակմանից՝ Փաշինյանն ընգծեց երեք երկրի փոխվարչապետերից կազմված հանձնաժողովի աշխատանքը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար - Ցանկանում եմ նաև առանձնացնել եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը գլխավորում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխվարչապետերը։ Մենք շատ կառուցողական ենք տրամադրված այս հարցում, բայց ցանկանում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը։ Դա վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձին։ Եվ ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանն այն ջանքերի համար, որոնք ներդրվում են այս հարցը լուծելու համար։
Փաշինյանը վստահ է` կոմունիկացիաների բացումը կարող է փոխել ողջ տնտեսական իրավիճակը տարածաշրջանում և ամրապնդել տնտեսական կապերը Ռուսաստանի ու Հայաստանի միջև։ Մեր երկիրն այս հարցում կառուցողական է տրամադրված՝ ասում է Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ու հույս հայտնում, որ եռակողմ հանձնաժողովի աշխատանքը կբերի կոնկրետ արդյունքների` նաև ապահովելով կայունություն, խաղաղություն ու բարեկեցություն:
Նիկոլ Փաշինյան - Ես ցանկանում եմ նշել այն շատ կարևոր կառուցողական դերը, որն ունի Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Իսկապես մենք բարձր ենք գնահատում այդ աշխատանքը, և ես հույս ունեմ, որ այն կոնկրետ արդյունքների կբերի։ Բոլորին հասկանալի է, որ դա կարևոր է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև մեր տարածաշրջանի համար առավել լայն իմաստով, քանի որ խոսք է գնում Պարսից ծոցի և Սև ծովի, Պարսից ծոցի և Ռուսաստանի Դաշնության միջև կապերի վերականգնման մասին։ Դա իսկապես կարող է դառնալ հզոր տնտեսական գործոն Եվրասիական տնտեսական միության զարգացման համար։
Երկու երկրների տնտեսական կապերին անդրադառնալով` Ռուսաստանի կառավարության ղեկավարը մեջբերեց անցած տարվա համատեղ առևտրաշրջանառության տվյալները, ասաց` դրանք նվազել են մոտ 10 տոկոսով՝ կազմելով 2 միլիարդ 300 միլիոն դոլար: Պատճառն, իհարկե, թագավարակի տարածումն է:
Միխայիլ Միշիստին - Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկերը։ Մեր համատեղ ձեռնարկություններն իրագործում են խոշոր տնտեսական նախագծեր։ Ցավոք, կորոնավիրուսն ազդեց երկկողմ առևտրի դինամիկայի վրա։ Իհարկե, մեզ նման իրավիճակը ձեռնտու չէ։ Առաջարկում եմ հանձնարարել մեր միջկառավարական հանձնաժողովին, մեր կողմից Ալեքսեյ Օվերչուկին՝ նախապատրաստել նոր նախաձեռնություններ՝ Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը և փոխադարձ ներդրումների ծավալն ավելացնելու համար։
Երկկողմ հանդիպումից հետո արդեն կլոր սեղանի շուրջ նստեցին ԵԱՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները, խորհրդի նիստն այսօր նեղ կազմով էր:
Վաղն արդեն Թաթարստանի մայրաքաղաքում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի լիագումար նիստը: Դրան մասնակցելու են նաև անդամ պետությունների ու դիտորդ երկրների կառավարության ղեկավարները: