Թուրք բանաստեղծ, գրող և փաստաբան Աքիֆ Քուրթուլուշը, որը «Հարյուրամյա անամոթություն» կոչվող հոդվածի հեղինակն է, Ermenihaber-ի հետ զրույցում ասել է. «1915 թ․ ապրիլի 24-ին ստամբուլաբնակ հայ մտավորականների՝ դեպի Չանքըրը, Քալեջիք, Այաշ արտաքսումով սկսված գործընթացը ես «ցեղասպանություն» եմ կոչում։ Որպես իրավաբան՝ չեմ կարող այլ կարծիք արտահայտել ՄԱԿ-ի կողմից հաստատված Լեմկինի փաստաթուղթը կարդալուց հետո։ Բայց սա պետք է ասի և ընդունի այն պետությունը, որը գործել է այդ ոճիրը։ Լեմկինի փաստաթուղթը պարտադիր ուժ ունի այն երկրների համար, որոնք այն ի վերջո ստորագրել են։ Թուրքիայի Հանրապետությունը չի կարող ասել․ «Այդ ջարդերն իրագործել է Օսմանյան կայսրությունը կամ իթթիհաթականները, ես դրա հետ կապ չունեմ»։ Քանի որ ինքը նրա ժառանգորդն է»։
Ըստ թուրք իրավաբանի՝ այս իշխանական ռեժիմը ցեղասպանությունը կշարունակի հերքել այնքան ժամանակ, որքան դա նրան հաջողվի։ «Իսկ եթե ընդունի, մենք արդեն բոլորովին ուրիշ Թուրքիայում ապրելիս կլինենք»,- ասել է Քուրթուլուշը։
Նրա համոզմամբ՝ Թուրքիայում միակ քաղաքական ուժը, որն իշխանության գալով հակված կլինի ճանաչել ցեղասպանությունը, այլ ոչ թե ժխտել, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է։ «Իմ կարծիքով՝ ԺԴԿ-ն Թուրքիայի ապագայի համար շատ կարևոր քաղաքական ուժ է։ Հենց դրա համար էլ նրան այդքան հալածում են»,- հայտարարել է Քուրթուլուշը։