Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության չորս պատգամավորի առաջարկած Հարկային օրենսգրքի փոփոխությունը, որով այլևս արտոնություն չի ունենա Մեղրիի մաքսային պահեստը: Պատճառը՝ դաշտում մրցակցային պայմանների վերականգնումն է: Դեռևս 2017 թվականին Հարկային օրենսգրքի փոփոխությամբ արտոնություն էր տրվել Մեղրիի քաղաքապետի կնոջը պատկանող մաքսային պահեստին։ Ստուգումների արդյունքում բացահայտված խախտումների պատճառով Մեղրիի քաղաքապետի ընտանիքին պատկանող պահեստի գործունեության լիցենզիան այժմ կասեցված է:
Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մեղրիի մաքսակետից 1 կմ հեռավորության վրա գտնվող պահեստի առկայության դեպքում այդտեղ եթե մեքենաները Իրանի Իսլամական Հանրապետությունից գալիս են, ազատվում են, օրինակ՝ ճանապարհային հարկի վճարումից: Խոսքը գնում ա մինչև 300 դոլար դրույքաչափի մասին՝ 150-200 հազար դրամ։
Մինչև 1 կմ հեռավորության վրա գործող պահեստը միակն է, և այդ հեռավորության վրա երկրորդն այլևս անհնար է կառուցել։ 300 դոլարի չափով ճանապարհային հարկից ազատումը, պարզվում է՝ միակ արտոնությունը չէր։
Սիսակ Գաբրիելյան - 2019 թվականին Իրանից եկող և այդ պահեստ մուտք գործող մեքենաների 70 տոկոսը եղել ա կրկին իր ընտանիքին պատկանող բիզնեսը։ Բիզնես է եղել դիզվառելիքի, պլյուս 300 դոլար չի վճարվել ճանապարհային հարկի դիմաց, իսկ դիզվառելիքի և բենզինի մեջ, ըստ մյուս ներկրողների, դա կազմում է մոտավորապես 15-20 դրամ սակագնի մեջ տարբերություն։
2020-ին Իրանից Հայաստան է մուտք գործել 34 հազար մեքենա, որից 2600-ը անցել են Մեղրիի մաքսային պահեստով։ Ապրիլի 21-ին պահեստի լիցենզիայի կասեցումը Մեղրիի քաղաքապետը ներկայացնում է որպես քաղաքական հաշվեհարդար՝ օրենքի փոփոխությունը կապելով վարչապետին Սյունիքում դիմավորող ցույցի հետ: Մինչդեռ, պատգամավորը հիշեցնում է՝ Հարկային օրենսգրքում փոփոխություն անելու նախագիծը շրջանառության մեջ էր դրել ապրիլի սկզբին։
Սիսակ Գաբրիելյան - Ես ուզում եմ տեղեկացնել՝ այս նախագիծը շրջանառության մեջ ա դրվել ապրիլի 1-ին կամ 2-ին։ Այսինքն՝ այդ միջադեպից 25 օր առաջ։ Իսկ ՊԵԿ նախագահի տեղակալը ապրիլի 21-ին ա այցելել պահեստ և հայտնաբերել խախտումներ, այսինքն՝ այդ միջադեպից 5 օր առաջ։
Հիմա պատգամավորն առաջարկում է փոխել օրենսդրորեն ամրագրված արտոնությունը։ Արդեն կան ներդրողներ, որոնք ցանկանում են Մեղրիում այլ մաքսային պահեստներ կառուցել։
Սիսակ Գաբրիելյան - Էսօրվա դրությամբ կա գործարար, որ կարծես վերջնական փուլում ա, և Մեղրիի անցակետից 4 կմ հեռավորության վրա արդեն իսկ նախատեսում ա ներդրում կատարել և ստանալ լիցենզիա։ Նախկինում չէր անում, որովհետև ինքը այդ արտոնյալ գոտում չէր գտնվում։ Իրենք ասում էին՝ կա՛մ այդ 1 կիլոմետրը սարքեք 10 կմ, կա՛մ ընդհանրապես հանեք, որ բոլորս հավասար պայմաններում լինենք։ 5-6 տարի է՝ ներդրում չի արվել էնտեղ, որովհետև ձեռք չէր տալիս ոչ մեկին։
Օրենքի այս փոփոխությամբ, նախագծի հեղինակ պատգամավորների համոզմամբ, հնարավոր կլինի կանխել հակամրցակցային ևս մեկ դրսևորում: