Ապրիլի 28-ին հեռավար ձևաչափով կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները։
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները, բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները, քննարկեցին հայ-շվեյցարական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձ կատարեցին տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Կողմերն անդրադարձան Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող գործունեությանը, քննարկեցին համագործակցության հաջորդ` 2022-2025թթ. ռազմավարության մշակման հետ կապված հարցերը։
Զրուցակիցները քննարկեցին նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ու փոխադարձ աջակցության հեռանկարները։
Խորհրդակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կողմերը ծանոթացան տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին։
Զրուցակիցների ուշադրությունը հրավիրվեց հետպատերազմյան իրավիճակում Արցախի հարցի կարգավորման և մարդասիրական աջակցության հարցերին։ Այդ համատեքստում կարևորվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը հիմնախնդրի, այդ թվում՝ կարգավիճակի վերջնական լուծման հարցում։ Առանձնակի ուշադրություն դարձվեց հրատապ հասցեագրում պահանջող ռազմագերիների և հումանիտար աջակցության հարցերին։