Սյունիքը դարձել է Հայաստանի կիզակետը: Ես հասկանում եմ բոլոր պատճառները, թե ինչո՛ւ ենք ազգովի դարձել սյունիքագետ: Սյունիքը Հայաստանի ոչ թե պառակտող աշխարհամասը պետք է լինի, այլ միավորող՝ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
Նա նշեց, որ ալիևյան նկրտումների ֆոնին որոշ ուժեր շարունակում են հայրենասիրական լոզունգներով պրկված պահել մեր քաղաքացիների նյարդերը՝ կեղծ լուրեր տարածել Սյունիքի մասին՝ փորձելով ահաբեկիչ նոտաներ ուղղել Սյունիք:
«Ձեր ահաբեկիչ նոտաները, հարգելինե՛րս, փշրվում-թափվում են հենց [Սիսիան.- խմբ] Զանգերի մոտ: Ձեր էժան ինքնահաստատումներով հեռո՛ւ մնացեք Սյունիքից: Մենք հիմա պետք է որ Արցախը Հայաստանին միավորելու քայլերով զբաղված լինենք, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում: Եթե ձեր հաշվարկներն այն են, որ մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը, գուցե այդտեղ էլ սխալվում եք: Տարիներ շարունակ նաև Սյունիքում իշխանական բոլոր լծակներով մարդկանց ստիպել են անել այն, ինչ ուզել են՝ մարզպետարանից մինչև ՏԻՄ են ստիպել: Ինձ էլ են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ հանդգնել էի դեմ կանգնել պարտադրանքին ու չընտրել ԱԺ-ի իրենց ասած պատգամավորի թեկնածուին, բայց բռնությունը չի կարող երկար ճանապարհ գնալ: Ո՞ւր են հիմա պրիմիտիվ բռնակալները, իսկ ես այստեղ եմ՝ ԱԺ-ի թիվ մեկ ամբիոնի մոտ»,- ասաց պատգամավորը՝ կոչ անելով տեր կանգնել ազատություններին, արժանապատվությանը, մեր երկրին: