Հայաստանի մարզերում մշակովի հողերի 50 տոկոսից ավելին չի օգտագործվում, բացառություն են միայն Արարատն ու Արմավիրը՝ Կոտայքի մարզպետարանում խորհրդակցության ընթացքում արձանագրում է վարչապետի պաշտոնակատարը: Փաշինյանն աջակցության նոր ծրագրերի կարիք է տեսնում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Մենք պատրաստվում ենք առաջիկայում ծրագիր ներդնել, համաձայն որի, եթե որևէ հողատարածքում տնտեսվարողը անցնում է կաթիլային ոռոգման կամ անձրևացման, 5 տարի ոռոգման ջրի վարձավճարից կազատվի:
Հանրապետության վարելահողերի 74 տոկոսը չի ոռոգվում: Երկրի ցուցանիշը համընկնում է Կոտայքի մարզի վիճակագրությանը՝ այստեղ միայն 26 տոկոս վարելահողն է ջուր տեսնում: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծում է՝ ոռոգման հարցի լուծումն առաջնահերթ խնդիր է: Մարզերում իրականացվող սոցիալական ծրագրերի համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը:
Նիկոլ Փաշինյան - Այն ընտանիքները, որոնք առնվազն երկու անչափահաս երեխա ունեն, հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում, բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, աջակցություն են ստանում:
Աջակցության չափը 500-հազարական դրամով էլ ավելանում է երրորդ և հաջորդ երեխաների համար: Մինչև 30 տարեկան շահառուները հավելյալ 30 տոկոս են ստանում՝ 1 մլն-ը դառնում է 1.3, կես միլիոնը՝ 650 հազար դրամ: Փաշինյանի ներկայացրած հաջորդ ծրագիրը ինչպես մարզերի, այնպես էլ Երևանի բնակիչների համար է:
Նիկոլ Փաշինյան - Ծրագրի էությունը հետևյալն է՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում, էլի հիփոթեքով բնակարան ձեռք բերելու պարագայում, ստեղ նրբություն կա, որ վերջին 12 ամիսների ընթացքում վարկը պետք է սպասարկված լինի, մնացորդային մայր գումարի 10 տոկոսը նույնպես վճարվում է: Մարզի բնակիչների պարագայում կարող են օգտվել և՛ իմ նախորդ ներկայացրած ծրագրից, և՛ սրանից:
Երեք և ավելի երեխա ունենալու դեպքում մարզերում վարկի մնացորդային գումարի 50 տոկոսը վճարում է պետությունը, իսկ եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25-ը, պետությունը փակում է վարկային մայր գումարի 70 տոկոսը:
Նիկոլ Փաշինյան - Եթե հաշվի առնենք նաև, որ մենք բարձրացրել ենք առաջին, երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ գումարը, նաև երրորդ երեխայի համար 1 մլն դրամ միանվագ աջակցություն է տրվում, էս հաշվարկները երբ որ անենք, կստացվի, որ՝ օրինակ 20 մլն-անոց բնակարանի դեպքում ընտանիքը կարող է ստանալ մինչև 5 մլն-ի և նույնիսկ ավելի աջակցություն:
250 հազար դրամ եկամուտ ունեցող ընտանիքը մարզում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելուց հետո 20 տարում կարող է հետ ստանալ 14 մլն դրամ՝ սա էլ եկամտային հարկի վերադարձի ծրագիրն է: Սակայն, պետք է մտածել մարզերում բնակարանաշինությունը խթանելու մասին՝ ընդգծում է Նիկոլ Փաշինյանը, քանի որ գրեթե անհնար է մարզերում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել:
Նիկոլ Փաշինյան - Բայց եթե այս ծրագրերը մենք ճիշտ կառավարենք, կարող է ստացվել, որ, ըստ էության, երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել բացառապես պետության աջակցության հաշվին, կամ, գնից կախված, պետությունը կարող է 70-80 տոկոս աջակցություն ցուցաբերել:
Գյուղերում մինչև 2 տարեկան երեխա ունեցող և չաշխատող մայրերը պետությունից 26.5 հազար դրամ խնամքի նպաստ են ստանում, իսկ աշխատող մայրերը կրկնակի են խրախուսվում, նրանց պարագայում գումարը 53.000 դրամ է: Որ աջակցության նման ծրագրերը կյանքի կոչվեն ու արդյունավետ լինեն, Փաշինյանը երկու կարևոր կետ է առանձնացնում:
Նիկոլ Փաշինյան - Մարդիկ գրանցվում են որպես աշխատող, ցավոք, շատ դեպքերում մարդիկ աշխատում են առանց գրանցման, և երկրորդը, ինչքան կարևոր է, որ ճիշտ աշխատավարձը արձանագրվի: Թվում է, թե եկամտային հարկ չվճարելու համար թաքցնել, չգրանցել, բայց այս սոցիալական ծրագրերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվում են:
Ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու համար Փաշինյանը հանձնարարում է մարզպետներին ու համայնքապետներին ծրագրերի մասին պատշաճ իրազեկել բնակիչներին: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ չի բացառվում, որ ծրագրերով հստակ հետաքրքրվածների վիճակագրությանը ծանոթանալով, գործարարները որոշեն ծրագրեր իրականացնել նաև մարզերում: