Արտահերթ նիստ՝ նախագծերի քննարկման հատուկ՝ 24 ժամյա ռեժիմով: Ազգային ժողովի չնախատեսված նիստի երկու առիթներից մեկը քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական առաջարկն էր: «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է Ընտրական գործընթացի բարեփոխումները: Հերթական օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է պատժի խստացում՝ ընտրությանն առնչվող որոշ խախտումների համար: Նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանն ամբիոնից հայտարարեց՝ կողմ քվեարկելու պարագայում հնարավորություն կստեղծվի անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ և թվարկեց որոշ դրույթներ:
Տեղամասում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվելու է տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախատեսելու է չորսից վեց տարի ազատազրկում:
Ինչո՞ւ են այս փոփոխություններն Ազգային ժողով ներկայացվում արտահերթ ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, և եթե նախագահն օրենսդրական փաթեթը չստորագրի, կարո՞ղ է ստեղծվել մի իրավիճակ, երբ դրանք ուժի մեջ կմտնեն ընտրություններից մի քանի շաբաթ առաջ՝ հետաքրքրվեցին ընդդիմադիր պատգամավորները: Դեպքերի նման զարգացումը չի կարելի բացառել՝ պատասխանեց նախաձեռնության հեղինակը, սակայն այս փոփոխությունները քննարկվել են ամիսներ շարունակ և անցել համապատասխան ընթացակարգերը:
Արման Բաբաջանյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր - Ես Ձեզ կարող եմ հավաստիացնել և կարող եմ գրազ գալ, որ այս փոփոխություններն իրականացնելուց հետո խախտումները տեղ են գտնելու Ընտրական գործընթացի օրը: Դուք ուղղակի չգիտեք ձեր գլխի գալիքը, և արհավիրք եք բերել մեր երկրի գլխին այն ժամանակ, երբ այդքան հանգիստ արձագանքեցիք ՍԴ-ի որոշմանը՝ կանաչ լույս վառելով հանցագործներին, պետությանը և պետականությանը պատերազմ հայտարարածներին:
Ընտրական գործընթացի վերաբերյալ իշխող ուժը մշակել է փոփոխությունների մի ամբողջ փաթեթ: Ընտրական ռեֆորմն Ազգային ժողով է բերվել հնարավորինս արագ՝ արձագանքելով բոլոր մեղադրանքներին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Համազասպ Դանիելյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - «Իմ քայլը» դաշինքը շրջանառել է Ընտրական օրենսգիրքն իր հարակից փաթեթներով: Հաշվի առնելով տաբեր ինստիտուտների, տարբեր խաղացողների վարքը՝ ստիպված ենք եղել ավելի բարդ ձևով անել, որ գոնե առանցքային կետերն ուժի մեջ մտնեն: Եվ, չնայած դրան, շարժվում ենք առաջ:
Հնարավո՞ր է նախագահականի հետ նախապես քննարկել առաջարկվող փոփոխությունները՝ հետագայում օրինագիծը չստորագրելու խնդրից խուսափելու համար՝ հետարքրվեց Արման Բաբաջանյանը: Ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց՝ դեռ 2020-ի դեկտեմբերին ինքը և պատգամավոր Համազասպ Դանիելյանը հանդիպել են նախագահի հետ՝ քննարկել նաև Ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխությունները: Այս դեպքում ևս Մակունցը նախագահական է ուղարկել այն փաթեթը, որը Վենտիկի հանձնաժողովի դրական եզրակացությունն է ստացել:
Ազգային ժողովն ավելի վաղ արդեն ընդունել էր Ընտրական օրենսգրքի փաթեթից առանձացրած մի նախագիծ, որով հանվել էր ռեյտինգային ընտրակարգը՝ անցում կատարելով պարզ համամասնականի: Երկրի նախագահ Արմեն Սարգսյանն օրենքով նախատեսված 21-օրյա ժամկետում օրենքը չէր ստորագրել, բայց չէր էլ դիմել Սահմանադրական դատարան: Սահմանված կարգով՝ փաստաթուղթն ստորագրել էր Ազգային ժողովի նախագահը: