Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը վերադարձել է Բազելից, որտեղ կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը դարձել է չեմպիոն (նժույգթափեր վարժություն): «Զվարթնոց» օդանավակայանում հավաքականին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և մարզասերներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու և օրհներգը միջազգային հարթակում հնչեցնելու համար. «Յուրաքանչյուր այսպիսի հաղթանակ հայ ժողովրդին պարգևում է խանդավառություն, հպարտության հրաշալի պահեր և ոգեշնչում հազարավոր պատանիների: Կեցցե՛ս: Սպասելիքները հաղթական են նաև Օլիմպիական խաղերից»:
Արթուր Դավթյանը, մեկնաբանելով մրցելույթները, խոստովանել է, որ մեդալային սպասելիքներ ունեցել է առավելապես հենացատկ վարժությունից, որում, սակայն, զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը. «Անկեղծ ասած, չէի սպասում, որ չեմպիոն կդառնամ նժույգթափեր վարժությունում, իսկ հենացատկում սպասելիքներ կային. ինչևէ, մարմնամարզությունը շատ անկանխատեսելի մարզաձև է: Ուրախ եմ, որ ապրիլի 24-ին կանգնեցի պատվո հարթակի առաջին տեղում, բարձրացավ մեր դրոշը, և բոլորը ոտքի կանգնեցին»:
Ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը նախատեսում է կրկին հանդես գալ նժույգթափերում և հենացատկում: Մարմնամարզիկի խոսքով՝ այդպիսով մյուս վարժությունների վրա ուժ չի ծախսի, իսկ մեդալ նվաճելու հնարավորություններն ավելի մեծ կլինեն:
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշել է, որ բոլորի մասնակցությունից գոհ է, քանի որ մարզիկները ջանք չեն խնայել. «Պատերազմից հետո, ասես, պարտավորված ենք զգում մեդալ նվաճել: Ես տղաներին ասել էի՝ պատերազմից հետո յուրաքանչյուրի կռիվն իր բնագավառում է: Անկեղծ եմ ասում՝ ինձ երբեք այսքան լավ չէի զգացել, ինչպես Բազելում: Եղել են մրցաշարեր, որոնցում ավելի շատ մեդալներ ենք նվաճել, բայց այս զգացողությունների հետ համեմատելի չեն: Գագիկ Խաչիկյանի և Արթուր Ավետիսյանի՝ նժույգթափեր և օղակներ վարժություններում չորրորդ տեղը ևս ինձ համար մեդալ են: Շատ շնորհակալ եմ տղաներին, որ մոռացան վնասվածքները, հետվիրահատական դժվարությունները և ջանք չխնայեցին: Ես հպարտ եմ, որ մեր մարմնամարզիկներն այդքան սիրում են իրենց հայրենիքը»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում հանդես են եկել Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: