Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ: Բաղդասարյանը այս ամենը շահարկում է իբրև ընտրություններում քվեներ ապահովելու փորձ:
Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ գրությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին ուղարկվել է դեռ փետրվարի 17-ին, քանի որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ուսումնական հաստատություններում, կրթօջախներում իրականացվել են չարաշահումներ, և կեղծվել են փաստաթղթեր։ Տեղեկությունների ստուգման արդյունքում փետրվարի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է նախաքննության։
Նախաքննությունն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, մանրամասնում է, որ 2021 թվականի փետրվարի 22-ին Հայաստանի ոստիկանության Կենտրոնականի բաժնում քրեական գործ է հարուցվել Երևանի 5 դպրոցների տնօրենների կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ։
Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ և 314-րդ հոդվածների՝ յուրացում կամ վատնում և պաշտոնեական կեղծիք հատկանիշներով։ Ոստիկանության Կենտրոնականի բաժնից գրավոր հարցում է ուղարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Համբարյանին՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող փաստաթղթեր և տվյալներ տրամադրելու, ինչպես նաև նշված դպրոցների 48 աշխատակիցների ներկայությունը ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում ապահովելու վերաբերյալ։
Հիշյալ քրեական գործը քննչական կոմիտեի Երևան քաղաքի քրեական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին է ստացվել 2021 թվականի փետրվարի 24-ին, ընդունվել է վարույթ և կատարվում է նախաքննություն։