Օրենքի նախագծով փորձում ենք վերցնել օրենքով ժամանակին մեկ անձի տրված մենաշնորհը՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Գաբրիելյանը պատմեց՝ 2017 թվականի վերջին Սյունիքի համայնքապետներից մեկը նամակով դիմել է այն ժամանակվա գործող վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որ իր համայնքում գործարար միջավայրը բարելավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու համար Հարկային օրենսգրքում սահմանվի արտոնություն, իսկ կառավարությունն էլ հավանության է արժանացրել այդ գաղափարը:
«6-րդ գումարման ԱԺ-ն ընդունում է Հարկային օրենսգրքում մի փոփոխություն, որն առաջին հայացքից թվում է, թե լավ բան է: Խոսքը վերաբերում է հատկապես Մեղրիի մաքսակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող պահեստի դեպքում այդտեղ մեքենաները, թե Իրանից գալիս են՝ ազատվում են ճանապարհային հարկի վճարումից: Փաստացի ստացվում է, որ մինչև 1 կմ հեռավորության վրա դեռևս 2004 թվականից գործում է պահեստ, որը ստանում է լիցենզիան, և երկրորդ պահեստն այնտեղ պարզապես հնարավոր չէ կառուցել: Պահեստի սեփականատերը համայնքապետին կինն է հանդիսանում: 2019-ին այդ պահեստում Իրանից մուտք գործած մեքենաների 70 տոկոսը եղել է կրկին իր ընտանիքին պատկանող բիզնեսը՝ դիզվառելիքի ներմուծման: 2020-ին Իրանից Հայաստան մուտք է գործել 34 հազար մեքենա, որից 2600-ն են գնացել այդ պահեստ, որից առյուծի բաժինը երեք ընկերություններ են: Տվյալ համայնքապետը վերջին երկու օրը նշում է՝ իմ բիզնեսին են կպնում»,- ասաց պատգամավորը:
Գաբրիելյանը հայտնեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել ապրիլի առաջին օրերին: Ասաց՝ այս խորհրդարանը գտել է այդ մեկ անձի համար կարված օրենքը, որի արտոնությունը խանգարում էր, որ մյուս տնտեսվարողները պահեստ բացեին: Արտոնության վերացումից հետո, կան գործարարներ, որ պատրաստ են ներդրումներ կատարել՝ վստահեցրեց նա:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հայտարարել էր, որ փակվել է իր կնոջ «Ագարակ տերմինալ» ՍՊ ընկերությունը, որին էլ պատկանում է հիշյալ պահեստը: