ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ պետական մարմինների լիազորություններին՝ ընդգծելով, որ դրանցից յուրաքանչյուրն ընտրությունների հետ կապված ունի լիազորությունների իր շրջանակը: Ըստ նրա՝ խորհրդարանի լիազորությունների մեջ է մտնում լավագույն օրենսդրությունը ստեղծելը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արդար ու թափանցիկ ընտրություններ:
«Ընտրությունների կազմակերպման համատեքստում հատուկ դեր ունի ԿԸՀ-ն: Կան նաև այլ ստորաբաժանումներ և այլ մարմիններ, որոնք ունեն առանձին գործառույթներ: Այնպես որ, եկեք հստակ տարանջատենք՝ ո՛րն է ԱԺ-ի, քաղաքական մեծամասնության և ընդդիմության դերը այս հարցում: Ինչ վերաբերում է նախագահի հետ աշխատանքին, ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս 2020-ի դեկտեմբերի վերջին ես ու իմ գործընկեր Համազասպ Դանիելյանը նախագահի հետ ունեցել ենք հանդիպում և ներկայացրել ենք ոչ միայն «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, այլև ընդհանուր Ընտրական օրենսգրքի փաթեթի մասին տեղեկությունը:
Ինչպես տեղյակ եք, Ընտրական օրենգիրքը մենք ընդհանուր առմամբ բաժանել ենք երեք մասի: Առաջինը համամասնական ընտրական ցուցակի հետ կապված էր, որն արդեն ընդունվել է: Երկրորդն այսօր ենք քննարկում, և երրորդը կլինի արդեն մյուս փաթեթը: Ես անձամբ նախագահի աշխատակազմին ուղարկել եմ այն փաթեթը, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Նաև առաջարկել եմ, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա նախագահի աշխատակազմի կազմակերպմամբ ցանկացած օր, ցանկացած ժամի մենք պատրաստ ենք քննարկել առանձին դետալներ, այդ թվում՝ ի գիտություն ընդունել նաև բովանդակային առումով իրենց դիտարկումները: Դեռևս այդ առումով արձագանք չեմ ստացել»,- նշեց Մակունցը: