Հայ լրագրող Հրանտ Դինքի դեմ ատելության արշավները, նրան միտումնավոր թիրախավորելը հանգեցրեցին նրա սպանությանը «Ակօսի» խմբագրատան առջև՝ 2007թ. հունվարի 19-ին։ Ինչպե՞ս Հրանտ Դինքը հայտնվեց թուրք ազգայնականների թիրախում։ Հայոց ցեղասպանությանն առերեսվելու թուրքական կառավարության վախն ինչպե՞ս հանգեցրեց Դինքի սպանությանը։ «Լուրերի» թղթակից Վարդուհի Բալյանի հետ հարցազրույցում պատմում է Ֆեթիե Չեթինը։
Վարդուհի Բալյան (լրագրող) - Հրանտ Դինքի կենդանության օրոք, երբ նա դեռ շարունակում էր պայքարը՝ հանուն երկխոսության, եղբայրության, նրա դեմ հարուցված դատական գործերի, ամբողջ դատական գործընթացի ազդեցությունն ինչպիսի՞ն էր։ Խնդրում եմ այդ շրջանը նեկայացնեք և՛ իրավական տեսանկյունից, և՛ անմիջապես Դինքի կյանքին ազդեցության տեսանկյունից։
Ֆեթիե Չեթին (իրավաբան, գրող) - 2002 թ. Թուրքիայի քաղաքական ուժը փոխվեց։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ իշխանությունը փոխվեց, քաղաքական ուժը շարունակում էր մնալ ռազմական խնամակալության տակ։ ԱԶԿ-ն («Արդարություն և զարգացում» կուսակցությունը) խորհրդարանական մեծամասնությամբ իշխանություն ձևավորեց։
Շատ փոթորկալից շրջան էր։ Պետության տարբեր ուժերի միջև կռիվ, իշխանության կռիվ կա, մյուս կողմից՝ եվրաինտեգրման գործընթացին ընդառաջ կարևոր քայլեր են իրականացվում։ Սրա հետ մեկտեղ Թուրքիայում ժողովրդավարության, օրենքի շուրջ քննարկումներ սկսեցին։ Բնականաբար, 1915-ը սկսեց քննարկվել հատկապես Եվրոպայում, Արևմուտքում։ Ազգային անվտանգության խորհուրդը նոր ծրագիր ընդունեց։ Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարը համակարգող խորհուրդ ստեղծվեց, ղեկավար նշանակվեց Դևլեթ Բահչելին, և ամբողջ երկրով մեկ մոբիլիզացիա սկսեց։ Ի՞նչ էր դա։ 1915-ը չի եղել, հորինված է։ Իրականում հայերն են թշնամություն արել, և անգամ հայերն են թուրքերին սպանել։ Նախ՝ ներկայացրեցին որպես երկկողմ բախումներ, ապա հանգեցրեցին նրան, որ ավելի շատ թուրեքերն են կոտորվել։ Եվ ամբողջ երկիրն այս ամենով էր ողողված՝ մի կողմից իշխանության կռիվ, մյուս կողմից՝ նման քննարկումներ։ Աշակերտների, ուսուցիչների համար հատուկ դասընթացներ, դասագրքերի փոփոխություն, հեռուստատեսային հաղորդումներ նախաձեռնվեցին։
Հենց այդ տարիներին «Ակօս»-ում մի հոդված հրատարակվեց, որն անդրադառնում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգրյալ դստեր՝ Սաբիհա Գյոքչենի՝ հայ որբ լինելու հանգամանքին։ Հրանտն այս հոդվածի հետ մեկտեղ նկարներ և փաստաթղթեր էր հրապարակել։ Եվ սա, իհարկե, իշխանության ամենամեծ վախն էր: Իշխանությունն ամենաշատը 1915-ի Հայոց ցեղասպանությունից, դրան առերեսվելուց է վախենում։ Սրա հիմքում հայերին պատկանող հսկայական ունեցվածքն է։ Այս ամենը, արդարությունը ջրի երես են դուրս գալու։ Մենք չենք բավարարվել հայերին սպանելով, հայերի ունեցվածքներն ենք բռնագրավել, մնացած հայերին երկրից վտարել ենք և հետ չենք ընդունել։
Հրանտին անմիջապես նահանգապետարան կանչեցին, ինչ-որ առումով սպառնացին նրան։ Հետո ոչ թե այս գրության հետ կապված դատական գործ հարուցեցին, այլ սկսեցին տնտղել «Ակօսում» ավելի վաղ հրապարակված գրությունները։ Հրանտը հայ ինքնության վերաբերյալ հոդվածների շարք էր գրում։ Մի հոդվածում տեղ գտած մեկ նախադասությունը համատեքստից հանեցին, առաջ քաշեցին և սկսեցին Հրանտին ներկայացնել որպես թշնամի։ «Ակօսի» դիմաց ցույցեր իրականացրեցին, Հրանտի վրա հարձակումներ եղան, Հրանտի դեմ բողոքներ ներկայացվեցին, և դատական գործ հարուցվեց։
Դինքը և փաստաբանը ջանք ու եռանդ չէն խնայել՝ ներկայացնելու իրականությունը, բարձրաձայնելու ճշմարտությունը, սակայն ոք ոչ նրանց չէր լսում։ Դատական նիստերի ժամանակ անգամ զայրացած ամբոխի հարձակումներին էր ենթարկվում և ստիպված լինում դատարանը լքել ավտոտնակից՝ ոստիկանության օժանդակությամբ։
Հոդվածներն եմ կարդում, ոչ մի հանցակազմ չկա։ Բացառապես ուրիշ բան նկատի ունի։ Օրենքի համաձայն՝ գրությունը, հոդվածը քննվում է ամբողջությամբ, մի նախադասություն չի կարելի դուրս հանել համատեքստից և օգտագործել, սակայն մեզ ոչ մի կերպ չէին լսում։ Հրանտն անընդհատ փորձում էր պատմել, ներկայացնել, գրում էր սրա մասին, հեռուստատեսությամբ խոսում։ Այդ շրջանը Հրանտի համար իրական տանջանք էր։ Փորձում էր իր մտադրությունները ներկայացնել, բայց ոչ ոք չէր լսում։ Ես փորձեցի ներկայացնել իրավիճակը դատական նիստերի ժամանակ, դատավորի հետ խոսեցի, փորձագետ պահանջեցի։ Անհավանական շրջան էր։ Յուրաքանչյուր դատական նիստ Լինչի դատաստանի էր վերածվել։ Հրանտը հիմնականում նիստերին ներկա չէր լինում, միայն մեկ անգամ վկայություն պետք է տար։ Հրանտն ու Արատը (Հրանտ Դինքի որդի-խմբ.) եկան նիստին։ Ոստիկանությունը ստիպված եղավ Հրանտին ավտոտնակից հանել։ Մենք, որպես Հրանտի փաստաբաններ, հարձակումների էինք ենթարկվում։ Ոստիկանական պատ էին կազմում, որ կարողանայինք անցնել։ Մի օր ինչպե՜ս հարձակվեցին մեզ վրա, ոտքերով հարվածեցին։
Այդ շրջանում այսպիսի զայրույթ և Լինչի դատաստանի մթնոլորտ էր, և մեկը մյուսին հետևող դատական գործեր էին հարուցվում։ Ինձ անմիջապես ասաց՝ «Պատիժը հայ լինելու պատճառով է»։ Այնուհետև Գերագույն դատարանը Դինքին մեղավոր ճանաչեղ «թրքությունն անարգելու» մեղադրանքով։ Այս անգամ արդեն այս խմբերը սկսեցին հարձակվել Հրանտի վրա՝ որպես «թշնամու»։ Եվ հետաքրքրական է, որ այս հարձակումները լրատվամիջոցներում, դատական համակարգում, զինված ուժերում միաժամանակյա էին։ Կարծես մեկը կոճակ է սեղմում, և բոլորը մեկտեղ գործի են անցնում։ Այս ամենը կազմակերպող մեծ ուժ կա։ Այս մեծ ուժը միայն պետությունը կարող է լինել՝ ուրիշ ոչինչ։
Հրանտ Դինքի սպանությունը կատարվեց ըստ նախագծի, պլանավորված։ Դինքը ներկայացվեց իբրև թուրքատյաց, թուրքի թշնամի և սպանեցին նրան՝ փորձելով կատարվածին ազգայնական երանգ հաղորդել: Այժմ դատապարտվում են գյուլենական ոստիկաններն ու պետական պաշտոնյաները, մինչդեռ իրական մեղավորները պաշտպանվում են։
Նրան թիրախավորեցին, ներկայացրեցին որպես թուրքի թշնամի։ Ամբողջ նախագիծը դա էր՝ Հրանտ Դինքին ներկայացնել որպես թուրքի թշնամի, մի քանի մարդասպանի միջոցով սպանել նրան, ապա պնդել, որ որոշ ազգայնական երիտասարդներ գործի են անցել և սպանել նրան, քանի որ թուրքի թշնամի էր։ Հենց այդպես էլ արվեց։ Սպանության առաջին դատական գործն էլ ըստ այդմ հարուցվեց։ Այնուհետև դիմեցինք ՄԻԵԴ, որը Թուրքիային դատապարտեց, նորից դատական հայց ներկայացրեցին, որպեսզի պետական պաշտոնյաների դատավարությունը վերսկսի։ Սակայն դատական գործում ոչ մի շարժ չկար մինչև այն ժամանակը, երբ սկսեցին ԱԶԿ-ի և գյուլենականների միջև բախումները։ Այս բախումնեիր հետ մեկտեղ նոր տեղեկություններ ջրի երես դուրս եկան, այս անգամ մեղքը բարդվեց գյուլենականների վրա։ Դինքի գործով վճռական նիստի ժամանակ որոշում կայացվեց պատժի ենթարկել սպանության որոշումը կայացրած գյուլենական ոստիկաններին և ժանդարմերիայի ներկայացուցիչներին։ Նրանք ծանր պատիժներ ստացան։ Ստամբուլի ոստիկանության բաժինը, որը գյուլենական չէ, սակայն պատասխանատու էր Հրանտի անվտանգությունն ապահովելու հարցում: Բաժինը քաջատեղյակ էր, որ Դինքին վտանգ է սպառնում: Նրանց մեծ մասը պատիժ չստացավ։
Եթե նայենք դատական գործընթացին, կտեսնենք, որ դատապարտվածները նրանք էին, ովքեր գիտեին, որ Դինքը սպանվելու է, սակայն լռել են և նախազգուշական միջոցներ չեն ձեռնարկել։ Ոչ ոք մատը մատին չի խփել։ Ո՞րն էր այն մեխանիզմը, որը դրդեց պետական պաշտոնյաներին լռել։ Սա դեռ չի բացահայտվել։ Ո՞րն էր սկզբից մինչ այժմ այս ամենը կազմակերպելու մեխանիզմը։ Ցավոք, սա չուսումնասիրվեց, մինչդեռ գործի նյութերում սրան առնչվող շատ հետքեր կան։
Վարդու Բալյան - Հրանտ Դինքի փաստաբանները, որոնց թվում եք Դուք, ինչպես նաև Հաքան Բաքըրջըօղլուն, դատարանի որոշումը բողոքարկեցին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ընթացք կունենք դա։ Նորից կշարունակի ձգձգվե՞լ, թե՞ հնարավոր կլինի արդյունքի հասնել։
Ֆեթիե Չեթին - Եթե հանկարծ Թուրքիայում փոփոխություններ լինեն, այս որոշումը կչեղարկվի, և դատավարությունը կշարունակվի։ Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Եվ ահա նորից անդունդի ծայրին էի: Դարձյալ հայտնվել էին ինձ հետապնդող մարդիկ: Նրանց զգում էի: Ու շատ լավ գիտեի, որ նրանք այդքան էլ տեսանելի, այդքան էլ սովորական մարդիկ չէին։ Սրանք Հրանտ Դինքի «Ինչո՞ւ թիրախ դարձա» գրության վերջին տողերն են։ Դինքն օգտագործում էր ամեն հնարավորություն՝ ներկայացնելու ճշմարտությունը, սակայն այդ օրերին շատ քչերն ականջ դրեցին նրա խոսքին։
Վարդուհի Բալյան - Հրանտ Դինքի դեմ շարունակվող դատական գործերի մթնոլորտում, երբ ենթարկվում էր Լինչի դատաստանի, և՛ Ձեզ, և՛ իրեն՝ Հրանտ Դինքին, ոչ ոք չէր հասկանում։ Ինչպե՞ս էր նա վերաբերվում այս ամենին։ Այս ամենին ենթարկվում էր իր ծննդավայրը հանդիսացող երկրում, որն ընդունում էր որպես հայրենիք։ Դրա շուրջ բազմիցս գրել է, հայտարարություններ արել։ Սակայն այդ շրջանում ինչպե՞ս էր ապրում այդ մթնոլորտում։
Ֆեթիե Չեթին - Երբ Հրանտը դատապարտվեց «թրքությունն անարգելու» մեղադրանքով, ասաց. «Այս հանցանքը, ըստ իս, ռասիզմ է։ Ես իմ կյանքը նվիրել եմ ռասիզմի դեմ պայքարին։ Փորձում են այսպես պիտակավորել ինձ։ Եթե այս գործն ավարտվի և հաստատվի, ես այլևս չեմ կարողանա այս երկրում ապրել, չեմ կարող ընկերներիս երեսին նայել, կգնամ էս երկրից։ Թուրք ընկերներ ունեմ ես»։ Եվ կհավատա՞ք, որ այս խոսքերն օգտագործվեցին նրա դեմ մեկ այլ դատական գործ հարուցելու համար։ Անգամ դա արեցին։ Այդ շրջանում Հրանտը ոչ մի հնարավորություն բաց չէր թողնում, իրեն տրամադրված բոլոր միջոցներն օգրագործում էր՝ պատմելու, ներկայացնելու։ Ներկայացնում էր անխոնջ, մեծագույն հանգստությամբ։ Մեր վերջին հանդիպման ժամանակ աղավնու երկչոտության մասին իր հոդվածից պատմեց։ Ես էլ համոզում էի, որ դա էլ ներառենք ՄԻԵԴ-ի դիմումի մեջ։ Լավ է, որ գրել է «Ինչո՞ւ թիրախ դարձա» և «Հոգեվիճակիս աղավնու երկչոտությունը» հոդվածները։ Հրանտն այնտեղ ամեն ինչ պատմեց։
Շատ վատ ժամանակներ են։ Մենք 1915-ին չառերեսվեցինք, չառերեսվեցինք նաև դրանից հետո կատարվածներին։ Այժմ քրդերը վտանգված են, հայերը միշտ վտանգի տակ էին այստեղ, ալևիներին է շատ մեծ վտանգ սպառնում, և գնալով բոլորս շնչահեղձ ենք լինում Թուրքիայում, սակայն, չնայած այս ամենին, Թուրքիայում աննախադեպ հույս ներշնչող կղզյակներ կան:
Դա շատ կարևոր է։ Բոազիչի համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի պայքարը մեզ շատ մեծ հույս է ներշնչում։ Այս երկրում շատ ուժեղ կանանց շարժում կա, որը ոչ մի դեպքում հետքայլ չի կատարի։ Սրանք շատ հուսադրող զարգացումներ են։ Առավոտից հետևում եմ, շրջանակները, որ մինչ այժմ երբեք 1915-ի Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումների չեն մասնակցել, դա են քննարկում։ Սա բավարա՞ր է։ Անշուշտ, ո՛չ։ Սակայն մարդիկ արդեն այս կեղծիքները չեն ընդունում, հատկապես երիտասարդները, կանայք այս կեղծիքները չեն ընդունում։
Այս ամենը մեզ հույս է ներշնչում։ Պետք է հույսը չկորցնել: