«Լուրերի» թղթակից Վարդուհի Բալյանը Ստամբուլում անցկացված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ զրուցել է Ստամբուլի «Ակօս» թերթի հայերեն էջերի խմբագիր, գրող Բագրատ Էստուկյանի հետ:
Ամբողջ աշխարհն իր ազդեցության տակ առած կորոնավիրուսի հետևանքով հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները Ստամբուլում այս տարի ևս առցանց իրականացվեցին։ «Ակօսի» հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը հիշեց Ստամբուլում հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման առաջին արարողությունները, որոնք, ինչպես նա է նշում, հնարավոր դարձան միայն Հրանտ Դինքի սպանությունից հետո։
«Լուրերի» հետ զրույցում Էստուկյանը մատնանշեց Թուրքիայի նախագահականի հաղորդակցության բաժնի՝ ապրիլի 20-ին կազմակերպած միջազգային գիտաժողովը՝ «1915-ի դեպքերի շուրք միջազգային գիտաժողով» խորագրով։ Պոլսահայ մտավորականը նշեց, որ վերջին տարիներին թուրքական ակադեմիական շրջանակում ավելանում է այն երիտասարդ պատմաբանների թիվը, ովքեր ուսումնասիրում են Հայոց ցեղասպանությունը և պահանջատեր են։ «Ակօսի» հայերեն բաժնի խմբագիրը փաստեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա հիշատակեց Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն, մեծ իրարանցում առաջացրեց Թուրքիայում։ Խուճապն ու Թուրքիայի ազգայնական շրջանակների զայրույթն ակնհայտ էին հայտարարությունից առաջ։ Էստուկյանը կարծում է, որ միայն ժողովրդավարական Թուրքիայում հնարավոր կլինի արդարության պահանջը բարձրացնել։ Ըստ նրա՝ սա կարևոր մարտահրավեր և առաջնահերթություն է Թուրքիայի հայերի համար, քանի որ միայն այս ճանապարհով է, որ հայերը կարող են իրենց խոսքը լսելի դարձնել։
«Հազիվ 500 հոգի էր հավաքվել այդ օրը։ Եվ այդ 500-ի մեջ հայերի թիվը հավանաբար 50-ի չէր հասնի։ Վերջին հավաքույթներին մի քանի հազարանոց բազմություն կար։ Նույնիսկ հայ երիտասարդները երթ կազմակերպեցին։ Բայց դրանից հետո երկրի քաղաքականությունը փոխվեց։
Ներկայացրեցին որպես միջազգային կոնֆերանս, քանի որ մասնակիցների, զեկուցողների շրջանում օտարազգի անուններ էլ կային։ Բայց այդ անուններից բոլորն էլ Հայոց ցեղասպանության փաստը ժխտող ակադեմիականներ էին։ Մենք գիտենք, որ աշխարհում կան նման ակադեմիականներ, որոնց ուսումնասիրությունները շատ անգամ խրախուսվում են Թուրքիայի կողմից։
Այսօր, օրինակի համար, ակադեմիական միջավայրում շատ արժեքավոր թուրք կամ թուրքիացի պատմաբաններ կան, այսինքն ոչ հայ, նոր սերնդի պատմաբաններ կան, որոնք մեր խնդիրը նույնսիկ մեզանից ավելի շիտակ ընկալումներով կարող են ներկայացնել և պահանջատեր լինել։ Ոչ թե հանուն հայության, այլ հանուն մարդկության։ Կինոռեժիսորներ կան, օրինակ, այս թեմայիով արտադրություններ անող։ Ես նրանց վրա, անշուշտ, մեծ հույս ունեմ։
ԱՄՆ նախագահները ամեն ապրիլի 24-ի իրենց ելույթներում ցեղասպանության դաժանության բոլոր մանրամասներով շատ բովանդակալից պատկերներ էին պարզում՝ խուսափելով միայն «ցեղասպանություն» բառն օգտագործելուց։ Բայց իրենց խոսքի մեջ արդեն շատ բան կար, որ թուրքերին մտահոգության պետք է մատներ։
Նախ՝ Հրանտ Դինքը միշտ կշեշտեր. ես կուզեմ, որ Թուրքիան ժողովրդավարանա, որպեսզի արդարության պահանջը կարողանանք բարձրացնել։ Եթե ոչ՝ պատի հետ ենք խոսում, մեր դիմացը պատ է։ Ոչ մեր ցավը պիտի հասկանա, ոչ մեր զրկանքը պիտի հասկանա։ Անթափանց է այդ պատը»,- ասել է Էստուկյանը։