Ջերմաչափում, զարկերակային ճնշման ստուգում: Պատվաստվելուց առաջ պարտադիր պայման է: Հանրային իրազեկման շաբաթվա շրջանակում Քովիդի դեմ պայքարին պատվաստմամբ միացան փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Ասթինե Պողոսյան, բժիշկ-իմունոլոգ - Պատվաստված մարդը 3 օր հետպատվաստան շրջանում է լինելու՝ ջերմություն ընդհանուր թուլություն, ինչպես մյուս պատվաստանյութերի ժամանակ:
Պատվաստանյութի մեկ սրվակը 10 հոգու համար է նախատեսված: Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ արտասովոր ոչինչ չի զգում: Երկրորդ չափաբաժինն արդեն 2 ամսից կստանա:
Ավինյանն ու Ավանեսյանն ընտրել են վերջին շրջանում ամենաքննարկված պատվաստանյութը՝ «Աստրազենեկան»: Վակցինայի անվտանգությունը՝ սեփական օրինակով:
Տիգրան Ավինյան, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար - Հատուկ ենք ընտրել «Ասրազենեկան», որովհետև տվյալ պատվաստանյութի մասին են ամենաշատ սուտ լուրեր տարածում:
Լայնածավալ պատվաստումների անցած երկրների դրական փորձը ցույց է տալիս, որ միայն այս տարբերակով է հնարավոր հետագա ալիքներից խուսափել ու բնականոն կյանքի վերադառնալ: Ավինյանը վստահեցրեց՝ Կառավարությունը բոլոր հնարավոր ուղղություններով աշխատում է, որ պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակ ապահովի:
Տիգրան Ավինյան - Բոլոր հնարավոր բոլոր ուղղություններն օգտագործելու ենք, ֆինանսական միջոցները հատկացնելու ենք, որպեսզի այս տարվա պատվաստանյութի լուրջ խմբաքանակ ապահովենք:
Երկու օր առաջ 14.000 անձի համար «Սպուտնիկ Վի»-ի խմբաքանակ է Հայաստան հասել: Մյուս շաբաթ արդեն այստեղ կլինի չինական պատվաստանյութը, որը նախատեսված է մոտ 50.000 հոգու համար: Մյուս ընկերությունների հետ բանակցությունները շարունակվում են:
Անահիտ Ավանեսյան, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար - Նպատակ ենք դրել ապահովել հանրային իմունիտետի բարձր շեմ, հնարավորինս լայնածավալ պատվաստումների գործընթաց ապահովել, ինչի համար պետությունը ֆինանսներ չի խնայելու:
Պատվաստել հնարավոր է ցանկացած պոլիկլինիկայում. միայն թե պետք է նախապես զանգահարել ու հերթագրվել: Իսկ պատվաստման համար ամբուլատոր բուժհաստատությունների դռները բաց կլինեն անգամ շաբաթ-կիրակի օրերին: