Հայաստանում 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Կապանում մայիսի 1-ին տեղի կունենա «Երիտասարդական մայրաքաղաք» նախագծի բացման միջոցառումը:
Կապանում բազմազան երիտասարդական ծրագրեր ու միջոցառումներ կիրականացվեն ամբողջ տարվա ընթացքում: Փոխնախարար Մարտիրոսյանն ընդգծում է՝ նախագիծը նպատակ ունի հեռանկարում երիտասարդության ակտիվ ներուժն օգտագործել բոլոր համայնքներում:
Մայիսի 1-ին պատվիրակությունները Երևանից և մարզերից Բաղաբուրջ հուշահամալիրում ծաղիկներ կխոնարհեն Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին, ապա Կապանի համայնքապետարանն ու նախարարությունը հուշագրով կամրագրեն տարվա ծրագիրը: Արդեն աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբերին, Կապանում կանցկացվի ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» նախագծի եզրափակիչ փուլը:
Կապանը երիտասարդական մայրաքաղաք էր ճանաչվել դեռ 2019-ին, բայց քանի որ 2020-ին համավարակը խափանել էր բոլոր ծրագրերը, Կապանը մայրաքաղաք հռչակվեց այս տարի:
Համայնքային, մարզային և համապետական նշանակության միջոցառումներ կիրականացվեն ամբողջ տարվա ընթացքում: Իսկ 2022-ի երիտասարդական մայրաքաղաքի հավակնորդներն են՝ Արմավիրը, Հրազդանը, Եղեգնաձորը և Ալավերդին. մրցույթի արդյունքում հաղթողին կորոշի մասնագիտական հանձնաժողովը: