Oրինակ՝ ամֆետամին տեսակի թմրամիջոցի 0.25 գրամը վաճառվում է 60 ԱՄՆ դոլարով կամ MDMA տեսակի գրամը՝ 100 դոլարով, ու էսպես տարբեր թմրամիջոցներ:
Սա աշխարհում սև փողեր բերող՝ թմրանյութերի վաճառքի ամենատարածված տարբերակն է, որից, ցավոք, անմասն չի մնում նաև Հայաստանը: Տելեգրամում քաղաքացիներն առևտուր են անում, անգամ փորձում են գայթակղել գնորդին՝ գովազդի միջոցով:
Հովհաննես Համբարյան (ՔԿ ՀԿԳՔԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ) - Թմրանյութի որակական հատկանիշներն են ցուցադրվում, որպեսի գնորդը տեսնի, թե ինչ տեսակի թմրամիջոց է ձեռք բերելու:
Նախկինում այս տարբերակով թմրամիջոց ձեռք բերելը գրեթե անհնար էր թվում, հիմա դա րոպեների հարց է: Մի քանի վիրտուալ հարցուպատասխան, և, իրենց լեզվով ասած՝ «ապրանքը» պատվիրատուի մոտ է:
Հովհաննես Համբարյան - Տրամադրում են դրամապանակ, որին գումարը փոխանցելուց հետո ստանում է տվյալ՝ որտեղ է դրված, ու գնում-ստանում է գնորդը:
Իրավապահները վստահեցնում են՝ չկա այնպիսի հավելված, որով թմրանյութի առևտուր իրականացվի, և հնարավոր չլինի դուրս գալ հետքի վրա:
Հովհաննես Համբարյան - Իրականացվում է մեծածավալ քննություն, որի արդյունքում մոտ 5-6 էջի վերաբերյալ կան տվյալներ, որոնք շուտով կներգրավվեն որպես մեղադրյալներ:
Միայն այս տարի 2 ամսվա տվյալով թմրանյութի իրացման՝ 57, ձեռքբերման՝ 49 դեպք է բացահայտվել: Նախորդ տարի՝ իրացման 532, ձեռքբերման 341 դեպք: Օրինակ՝ 2015 թ. հայտնաբերվել է վաճառքի՝ 489, ձեռքբերման՝ 437 դեպք: Թիվը փոքր է, բայց այդ տարի սահմանին հայտնաբերվեց թմրամիջոցի ներկրման աննախադեպ ծավալ՝ մոտ մեկ տոննա: Իսկ վերջին տասը տարում թմրամիջոցների առուվաճառքի ամենաշատ դեպքերը եղել են 2011-ին՝ 754՝ իրացման, 758՝ ձեռքբերման:
Քննչական կոմիտեի վարույթում է 35 կիլոգրամ թմրանյութի վերաբերյալ մի գործ, երբ արտասահմանում բնակվող Հայաստանի քաղաքացին հերոին, ափիոն և մեթամֆետամին իրացնելու նպատակով պայմանավորվել էր Հայաստանում բնակվող քաղաքացու հետ, որ ապրանքը Սյունիքից հասցնի Երևան:
Ռաֆայել Սարգսյան (ՔԿ հատկապես կարևոր գործերով քննիչ) - Ճանապարհին ոստիկանները նրա մեքենայից հայտնաբերել են 4964 գ ափիոն, 4982 գ հերոին և 3962 գ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ:
Ընդհանուր առմամբ, թմրամիջոցների շրջանառության ծավալը մեծանում է՝ անհանգստանում են իրավապահները: Այս տարի սահմանին ամենախոշոր դեպքը հայտնաբերել է Պետական եկամուտների կոմիտեն՝ Իրանից խմորիչի տուփերով Հայաստան էր մտել 350 կգ հերոին:
Դավիթ Մանուչարյան (ՔԿ հատկապես գործերով քննիչ) - Վերջին ժամանակները աճել են նաև արտերկրից փոստային առաքման միջոցով ՀՀ ներմուծվող դեպքերը: Ներկայումս դրանցով կալանավորված են բազմաթիվ անձինք, այդ թվում՝ Իրանի քաղաքացի, իգական սեռի ներկայացուցիչ:
Թմրամիջոցների ներմուծման առյուծի բաժինը Իրանինն է: Հաջորդում են Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները: Վերջին դեպքում՝ օվկիանոսը հատում է հիմնականում բուսական թմրանյութ: Հայաստանը հաճախ դառնում է նաև թմրանյութերի փոխադրման տարանցիկ երկիր: