Մինչ հայաստանցիներն ուղևորվում են Եգիպտոս, Դուբայ ու Մալդիվներ, մեզ մոտ ակնկալում ենք հյուրեր ոչ միայն Ռուսաստանից ու Եվրոպայից, այլև զբոսաշրջային կապերը փորձում ենք խորացնել նոր երկրների հետ: Հունիսի 25-ից նոր ուղղություն է բացվում՝ դեպի Թունիս: Ի դեպ, այս ուղղության նպատակն ավելի շատ թունիսցի զբոսաշրջիկներին Հայաստան բերելն է, որը նախատեսվում է հաջորդ տարի՝ կանոնավոր թռիչքներով:
Հռիփսիմե Ստամբուլյան, տուրիստական գործակալության տնօրեն - Մեզ դիտարկում են որպես մոդեռն երկիր, և դա կարևոր է տնտեսական նշանակության տեսանկյունից: Մենք արդեն սկսել ենք ներկայացնել թունիսյան ապրանքներն ու այն այլնտրանք կլինի թուրքականին:
Հոկտեմբերից էլ կմեկնարկեն չվերթերը դեպի Հորդանան, առայժմ՝ շաբաթը մեկ անգամ: Ակնկալվում են պատասխան այցեր այն համոզմունքով, որ Հայաստանը գրավիչ է նաև արաբական աշխարհի համար:
Ալֆրեդ Քոչարյան, Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող - Ակնկալում ենք, որ զբոսաշրջիկների հոսքեր կլինեն Իրանից, համոզված ենք՝ նաև Ռուսաստանից:
Նախորդ տարի այս օրերին համավարակի պատճառով Հայաստանում զբոսաշրջիկ չկար: Այս տարվա թվերը դեռ ամփոփված չեն, բայց առաջին եռամսյակում միջինում ունենում ենք 311 հազար զբոսաշրջիկ, մեծամասամբ՝ Ռուսաստանից: Մասնագետները կարծում են, տուրիզմը զարգացնելու համար պետք է այնպես անել, որ Հայաստան եկող զբոսաշրջիկները համաճարակային դժվարությունների չբախվեն:
Մեխակ Ապրեսյան, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ - Այսօր ամբողջ աշխարհում ադրեն լայնածավալ պատվաստումներ են սկսվել: Եթե դա կա, ուրեմն եկեք թույլ տանք, որ պատվաստում ստացածներին թողնեն:
Ալֆրեդ Քոչարյան - Այս պահին դեռ չկա օրենք, որ պատվաստված մարդը կարող է մուտք գործել Հայաստան, բայց քննարկումներ են գնում:
Ռուսաստանն ապրիլի 15-ից հունիսի 1-ը կսահմանափակի դեպի Թուրքիա կանոնավոր և չարտերային թռիչքները. պաշտոնական ձևակերպմամբ՝ պատճառը համաճարակն է: Սա նշանակում է, որ ռուսներն այլ ուղղություն պետք է փնտրեն: Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ ճիշտ մարքեթինգային քաղաքականության արդյունքում նրանց մի մասը կարող է գալ Հայաստան:
Ալֆրեդ Քոչարյան - Խոսքը գնում է մոտ 500 հազար զբոսաշրջիկի մասին, որ պետք է գնար Թուրքիա՝ հանգստի, բայց եկեք դեռ անդրադառանք այն հարցին, որ Հայաստան եկող պոտենցիալը դեռ ռեալիզացված չէ:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի կարծիքով ևս Հայաստանը կարող է այլընտրանք դառնալ: Ռուսները նաև արև են փնտրում, իսկ Հայաստանը ջերմության պակաս չունի:
Մեխակ Ապրեսյան - Ռուսաստանը միայն ծով չէ, որ ուզում է, նրանք ուզում են արև, լավ եղանակ, լավ հյուրընկալություն, ջերմություն, հրաշալի խոհանոց:
Մեխակ Ապրեսյանի համոզմամբ՝ կարևոր է ստեղծել կորոնավիրուսի ու պատերազմի չեզոքացման ծրագիր, որով հնարավոր կլինի Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես ապահով երկիր և արագ դուրս գալ կորոնավիրուսի պատճառով խորհուրդ չտրվող երկրների կարմիր ցուցակից: Մասնագետների ջանքերն ուղղված են նաև զբոսաշրջիկներին առանց խոչընդոտի ու ապահով Արցախ հասցնելու համար, որ ակտիվանա նաև հայկական երկրորդ պետության կյանքը: