Արցախցիների զբաղվածության ապահովման երկու ծրագրով արդեն 190 շահառու ժամանակավոր աշխատանք է ձեռք բերել: Ժամանակավոր զբաղվածության փորձառություն գործատուի մոտ ծրագիրը եռամսյա է:
Ժորա Սարգսյան (ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Հնարավորություն է տրվում գործատուի մոտ փորձառություն անցնեն մեր Արցախի հայրենակիցները: Աջակցություն է ցուցաբերվում յուրաքանչյուր ամիս 100 հազար դրամ մաքուր աշխատավարձի չափով: Դրան գումարվում են նաև հարկերը, որը տրամադրում ենք գործատուին և մենթորին, ով կաջակցի մեր շահառուին գործատուի մոտ, նաև տրամադրում ենք 34 հազար դրամ յուրաքանչյուր ամիս աջակցություն:
Ծրագրի առաջնային նպատակն է, որ ձեռք բերած հմտությունները կիրառվեն Արցախում: Սակայն, եթե շահառուն նպատակ ունի շարունակել աշխատանքային գործունեությունն այստեղ, և գործատուն էլ դեմ չէ նրա հետ գործակցությանը, ապա կարելի է ծրագրի ավարտից հետո աշխատանքային հարաբերությունները շարունակել:
Ռուզաննա Խաչատրյան - Երբ լսեցի, որ նման ծրագիր կա արցախցիների հետ կապված, առաջին քայլերս եղան այն, որ ես անմիջապես այցելեցի զբաղվածության տարածքային կենտրոն, համապատասխան փաստաթղթերս հանձնեցի:
Հադրութցի մանկավարժ Ռուզաննան հետպատերազմական շրջանում Հայաստանում օգտակար զբաղմունքի խնդիրը լուծելու համար հաշվապահության մասնավոր դասերի է հաճախել: Հիմա պետական ծրագրի միջոցով փորձաշրջան է անցնում Երևանի հայ-չինական բարեկամության դպրոցում՝ հաշվապահության ոլորտում: Ծրագիրն օգնում է նաև սոցիալական որոշ խնդիրներ լուծել։
Ռուզաննա Խաչատրյան - Մեծ հնարավորություն էր այնտեղ տեսական գիտելիքներ ստանալ, իսկ այստեղ՝ պրակտիկ գիտելիքներ: Առաջին հերթին հոգեբանորեն մեծ օգնություն էր ինձ համար այս ծրագիրը, չգիտեմ՝ հոգեբանորեն ես այն լարվածությունից, մտածմունքներից դուրս եկա աշխատանքի անցնելով՝ շփվելով այս միջավայրի այս մարդկանց հետ:
Ռուզաննան ասում է՝ մեծագույն հաճույքով պատրաստ է տեսական և գործնական գիտելիքները իր հարազատ Արցախում կիրառել: Արցախցիների զբաղվածության խնդրի լուծման մյուս ծրագիրն էլ վարձատրվող հասարակական աշխատանքներում ներգրավվելն է:
Յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար տրամադրվում է 8000 դրամ վարձավճար, ներառյալ հարկերը: Շահառուների զբաղվածության խնդիրը լուծելու համար պետությունը արդեն երկու ծրագրով հատկացրել է շուրջ 93 մլն դրամ։