Ռուսաստանը, փոխադարձության սկզբունքի հիման վրա, երկրից արտաքսում է Մոսկվայում Լիտվայի դեսպանության երկու աշխատողի, մեկական աշխատողի էլ Էստոնիայի և Լատվիայի դեսպանատներից: Նրանց յոթ օր ժամանակ է տրվել պատրաստվելու համար, գրում է Interfax-ը:
«Դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ներկայացվել է վճռական բողոք՝ կապված Մերձբալթյան երկրներում Ռուսաստանի դեսպանատների աշխատակիցներին վտարելու սադրիչ, անհիմն գործողությունների հետ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Նույն օրը Սլովակիայի դեսպան Լյուբոմիր Ռեգակին կանչել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն և հայտնել երկրի դեսպանության երեք աշխատակցի վտարման մասին՝ նրանց ճանաչելով անցանկալի անձ Ռուսաստանում:
Բալթյան երկրները՝ ի նշան Չեխիայի հետ համերաշխության, ապրիլի 23-ին հայտարարեցին ռուս դիվանագետների արտաքսման մասին: Սլովակիան ապրիլի 22-ին վտարեց Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի:
Դրանից առաջ Չեխիայի արտգործնախարարությունը ՆԱՏՕ-ի ու ԵՄ գործընկերներին կոչ էր արել վտարել ռուս դիվանագետներին՝ ի նշան Պրահայի հետ համերաշխության: