Դուշանբեում անցնող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հանդիպումը:
Հանդիպման մեկնարկին Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Նասրուլլո Մախմուդզոդային՝ հայկական պատվիրակության ջերմ ընդունելության և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Կողմերը ընդգծել են այն հանգամանքը, որ սա առաջին երկկողմ պաշտոնական հանդիպումն է երկու պետությունների ԱԽ քարտուղարների միջև: Արմեն Գրիգորյանը նշել է, որ մեր պետություններն արդեն երկար ժամանակ է, ինչ հաջող աշխատանք են ծավալում ՀԱՊԿ շրջանակներում և համոզմունք հայտնել, որ ժամանակն է նաև երկկողմանի ձևաչափով հարաբերությունների ակտիվացման համար:
Հայ-տաջիկական համագործակցության զարգացման նպատակով պարոն Գրիգորյանն իր տաջիկ գործընկերոջ հետ կիսվել է ՀԱՊԿ շրջանակներում գործընկերների հետ երկկողմ համագործակցության կուտակված փորձով և իրենց արդյունավետությունն արդեն ցույց տված մեխանիզմներով՝ մասնավորապես նշելով ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ գրասենյակների միջև կնքվող համագործակցության պլանների մասին:
Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը Նասրուլլո Մախմուդզոդային առաջարկել է սկսել երկկողմ աշխատանքներ նման փաստաթղթի մշակման նպատակով: Կողմերը վստահություն են հայտնել, որ նման փաստաթղթի առկայությունը լավ հիմք կդառնա երկու երկրների միջև անվտանգության ոլորտի մի շարք ուղղություններով փոխշահավետ աշխատանքների համար: