ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա գործողությունների հատկացումների ենթակոմիտեի նախագահ Բարբարա Լիին, քանի որ հանձնաժողովը սկսում է մշակել 2022 ֆինանսական տարվա Արտաքին օգնության օրինագիծը:
«Միացյալ Նահանգները յուրահատուկ հնարավորություն ունի Հայաստանին օգնելու հարցում, որը ցնցվել է անցյալ տարվա Արցախյան պատերազմից և դրա հետևանքով առաջացած անորոշությունից: Հայաստանին նշանակալի տնտեսական օգնություն տրամադրելը կօգնի նրա ժողովրդին լինել ավելի պաշտպանված, կամրապնդի ժողովրդավարությունն այդ երկրում, կնպաստի տնտեսության կայուն զարգացմանը, կկայունացնի նրա քաղաքացիական հասարակությունը, կօգնի պատասխանել COVID-19 համավարակին և առավելագույնը կթեթևացնի Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամը»,- գրել են Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիերը և Ադամ Շիֆը ու վստահեցրել, որ «Այս ներդրումը կամրապնդի ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները, կօգնի Հայաստանին վերակառուցվել ու ամրապնդել ժողովրդավարությունը տարածաշրջանում»:
Նամակում նրանք ներառել են բյուջետային հետևյալ հարցումները.
- Ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին՝ օգնելու վերականգնմանն ու վերակառուցմանը, ներառյալ անհրաժեշտ բնակարանները, սննդի անվտանգությունը, ջրամատակարարումը և սանիտարական վիճակը, բժշկական օգնությունն ու աջակցությունը փախստականներին, ենթակառուցվածքների վերականգնումը:
- 2 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում վտանգավոր զինամթերքի ոչնչացման ծրագրերի համար:
- 100 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Հայաստանին՝ տնտեսության, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգության ոլորտներին աջակցելու համար՝ պետքարտուղարության և ԱՄՆ ՄԶԳ (USAID) հաշիվների միջոցով:
- Կասեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին նախատեսված ԱՄՆ ամբողջ օգնությունը, քանի դեռ չի հաստատվել, որ դադարեցվել են բոլոր հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ: