Խորհրդարանն այսօր հրավիրած արտահերթ նիստում քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ օրենսդրական նման կարգավորումները խիստ անհրաժեշտ է ընդունել արտահերթ ընտրություններին ընդառաջ:
«Օրինակ՝ առաջարկվում է ընտրական գործընթացի խոչընդոտման դրույթում որպես ծանրացուցիչ նորմ նախատեսել տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքը: Այլ կերպ ասած՝ եթե քվերարկության ամփոփման ժամանակ խոչընդոտում են, և դրա արդյունքում հետագայում քվեարկության արդյունքները ճանաչվում են անվավեր, խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության պետք է ենթարկվեն, քան այն դեպքերում, երբ ուղղակի են խոչընդոտում ընտրական գործընթացը, ու դա չի ազդում քվեարկության արդյունքների ամփոփման վրա»,- նշեց պատգամավորը:
Մեկ այլ փոփոխությամբ՝ քրեական պատասխանատվության կենթարկվեն քարոզարշավը խոչընդոտողները:
«Այս նորմը այլևս կստիպի բոլոր անձանց, ովքեր կփորձեն քարոզարշավը խոչընդոտել, անկախ քաղաքական հայացքներից, ենթարկել պատասխանատվության»,- նշեց Հովակիմյանը:
Առաջարկվում է առանձին պատիժ նախատեսել տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար. ըստ Հովակիմյանի՝ սա հարկավոր է, որ նախկինում եղած դեպքերը չկրկնվեն, կազմակերպված բռնության փորձեր ու սպառնալիքներ չլինեն:
Նշենք, որ ըստ նախագծի՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով, առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ, առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով:
Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով:
Ըստ նախագծի՝ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որեւէ եղանակով խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:»: