Հարավային Կովկասում սկսվել է տրանսֆորմացիոն նոր փուլ, որի հետագա ընթացքը դեռ մշուշոտ է, սակայն արդեն հստակ է, որ նպատակ է դրվել փոխել տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը: Ընդ որում՝ Արցախյան հակամարտությունը, ըստ երևույթին, նոր աշխարհաքաղաքական «խաղի» բաղադրիչներից մեկն է, սակայն այն կարող է օգտագործվել ոչ այնքան որպես պատճառ, որքան առիթ՝ հետագա քայլերի համար:
Խնդիրն այն է, որ մարտի 26-ին Թեհրանում ստորագրված իրանա-չինական համապարփակ համագործակցության պայմանագիրը կոչված է էապես փոխել Մեծ Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասում, հիմնական դերակատարներին, ինչը չափազանց լուրջ ազդակ էր ավանդական «խաղացողների» համար: Ինչպես և սպասելի էր, պայմանագրի ստորագրմանը հաջորդած բավական կարճ ժամանակահատվածում անմիջապես ակտիվացան տարածաշրջանում ավանդաբար շահեր ունեցող գերտերությունները՝ բացառությամբ Մեծ Բրիտանիայի, որը, ըստ երևույթին, նոր «խաղի» մեջ իրեն դեռ չի գտնում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ֆրանսիային, որի նախագահ Մակրոնը մի քանի օր առաջ զանգահարել էր ՌԴ նախագահ Պուտինին՝ ի թիվս այլ հարցերի քննարկելու նաև Արցախյան հակամարտությունը կամ, ավելի կոնկրետ, շեշտելու, որ այն կարգավորված չէ: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը նույնպես երեկ հայտարարեց, որ ամենակարևոր չկարգավորված խնդիրը մնում է Արցախի կարգավիճակը: Ընդ որում՝ առավել հատկանշական է ոչ թե դեսպանի այս հայտարարությունը, այլ նրա այցելությունը Սյունիքի մարզ, որն այս բազմանկյուն քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է:
Որպեսզի այս պնդումն ավելի ընկալելի դառնա, հարկ է նշել՝ ապրիլի 19-ին տեղի ունեցավ իրադարձություն, որը գրեթե վրիպեց լրատվամիջոցների ուշադրությունից՝ մնալով բացառապես նեղ մասնագիտական քննարկման դաշտում: Երևանում էր Իրանի պատվիրակությունը, որի առաքելությունն էր Երևանի հետ բանակցել նոր կազմավորվող «Հյուսիս-հարավ» տրանսպորտային ուղու շուրջ: Դատելով ամենից՝ իրանա-չինական պայմանավորվածությունների շրջանակում Թեհրանը տրանսպորտային այս զարկերակի աշխարհագրության առումով որոշակի քարտ-բլանշ է ստացել, և հիմա իրանական կողմը պնդում է, որ դեպի Վրաստան գնացող և Սև Ծովն ու Հնդկական օվկիանոսն իրար կապող ճանապարհը պիտի ամբողջությամբ անցնի Հայաստանի տարածքով, մասնավորապես Սյունիքով: Թե ի՞նչ արդյունքների են հանգեցրել բանակցությունները՝ հայտնի չէ, սակայն արդեն հստակ է, որ առաջիկայում Բաքուն և Անկարան ամեն կերպ փորձելու են ապակայունացնել Սյունիքի շուրջ իրավիճակը՝ այդ կերպ փորձելով «ապացուցել», որ այս ուղղությունն ապահով չէ, և Պեկին-Թեհրան տանդեմն իր ծրագրերի համար պետք է ընտրի առավել ապահով՝ ադրբեջանական ուղին:
Դատելով, սակայն, իրադարձությունների արձագանքներից, Թեհրանն արդեն ոչ միայն վերջնական որոշում է կայացրել, այլև հստակ հասկացնում է, որ այս հարցում մանիպուլյացիաների ոչ միայն չի ենթարկվելու, այլև կանխելու է դրանք: Այդ առումով բնավ պատահական չէ, որ վերջին օրերին իրանական պետական լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են Բաքվի կողմից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրի միջանցք»-ի կեղծ թեզին՝ պնդելով, թե դրա նպատակը ոչ միայն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելով Իրանին մեկուսացնելն է, այլև Ռուսաստանին ու Չինաստանին շանտաժի ենթարկելով՝ «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» ծրագրի տապալումը:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի ու, հատկապես, Միացյալ Նահանգների ակտիվացմանը, ապա կարելի է ենթադրել՝ առնվազն Վաշինգտոնը ունի երկու հիմնական խթան. նախ՝ «եթե չես կարողանում կանխել, ապա մասնակցիր և օգուտ քաղիր», և երկրորդ՝ Վաշինգտոնը խնդիր է դրել «վերադաստիարակել» Թուրքիային, և ավելի լավ միջոց, քան Անկարային կրկին դուրս մղելը Հարավային Կովկասից, ԱՄՆ-ը կարող է և չունենալ: Ասենք՝ Ռուսաստանը նույնպես: