Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո, երբ Մոսկվայում սկսվեց հայտնի «ստալինյան» բարձրահարկ շենքերի կառուցումը, խորհրդակցություններից մեկի ժամանակ Մոսկվայի գլխավոր ճարտարապետի պաշտոնն զբաղեցնող Կարո Հալաբյանը համարձակություն ունեցավ հակաճառել ամենազոր Բերիային` ասելով, որ այդ շենքերի սպասարկումը չափազանց ծախսատար կլինի: Մի քանի օր անց Կարո Հալաբյանին ազատեցին բոլոր պաշտոններից: Բայց հետագայում նա կյանքի կոչեց Մոսկվայի զարգացման պլանն ու ընդմիշտ մնաց լավագույններից մեկը: Այսօր էլ Մոսկվայի Սոկոլ շրջանում բացվեց նրա 3 մետրանոց բրոնզե արձանը:
Գեորգի Ֆրանգուլյան, Հուշարձանի հեղինակ, ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ - Հիմքը գրանիտից է, այն հավաքված է իր ստեղծագործությունների մոտիվներով, դա իրեն հարազատ ծագմամբ նյութից է՝ տուֆ է հիշեցնում, այնտեղ սարեր են, ժայռեր, որտեղից նա դուրս է եկել: Միաժամանակ, հուշարձանն արված է իր ոճին համապատասխան, ինչպես իր արվեստում՝ ճարտարապետության կոնստրուկտիվ օրենքներն ու հետխորհրդային կայսերական ոճը համադրած:
Հալաբյանի բրոնզաձույլ արձանն իր ձեռքում պահում է գծագրեր, որոնցում սխեմատիկ պատկերված է ճարտարապետի ամենահայտնի կառույցներից մեկի՝ ռուսական բանակի թատրոնի հատակագիծը: Հուշարձանը տեղադրվել է Մոսկվայի կառավարության աջակցությամբ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանության նվերն է Մոսկվային:
Սերգեյ Չերյոմին, Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար - Սա նաև մեր բարեկամության խորհրդանիշն է Մոսկվայի և Երևանի միջև: Մեծագույն վարպետը մեզ թողել է ահռելի ճարտարապետական ժառանգություն, որոնց թվում են Խորհրդային բանակի թատրոնը, մետրոյի «Կրասնոպրեսնենսկայա» վերգետնյա նախասրահը: Մեծ է նրա դերը Մոսկվայի զարգացման պլանի իրականացման գործում:
Վարդան Տողանյան, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան - Կարո Հալաբյանի բրոնզե հուշարձանը ոչ միայն նվիրում է ճարտարապետի ստեղծագործական ժառանգությանը, այլև մարմնավորում է մեր ժողովուրդների սերտ կապերը, խորհրդանշում է մեր ընդհանուր անցյալը և մեր համատեղ ապագան:
Հալաբյանի հուշարձանը ևս մեկ անգամ հաստատում է հայկական ներկայությունը ռուսական միջավայրում՝ նշում են բացմանը ներկա մշակույթի գործիչներն ու ճարտարապետները: Հեղինակ Ֆրանգուլյանն էլ պարգևատրվեց դեսպանության ոսկե հուշամեդալով: