ԱՀ ԱԺ-ն ցավակցություն է հայտնել ԼՂՀ առաջին և երկրորդ գումարումների ԳԽ պատգամավոր Ներսես Միսակի Օհանջանյանի մահվան կապակցությամբ:
«2021 թ. ապրիլի 26-ին կյանքից վաղաժամ հեռացել է Արցախում ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ առաջին և երկրորդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր Ներսես Միսակի Օհանջանյանը:
Մեծ է նրա ավանդը ԼՂՀ ԳԽ օրենսդրական դաշտի ձևավորման և կայացման գործում: Ներսես Օհանջանյանի ակտիվ գործունեությունը դրսևորվել է հատկապես Արցախյան ազատագրական շարժման տարիներին՝ Մարտակերտում:
Ներսես Օհանջանյանն իր ժողովրդին, երկրին ու պետականությանը նվիրված գործիչ էր՝ պատասխանատվության ու հայրենիքին ծառայելու խորին գիտակցումով, օժտված մարդկային ու բարոյական վեհ արժեքներով:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Ներսես Օհանջանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու արիություն:
Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում»,- ասված է հաղորդագրությունում: