Ապրիլի 24-ը Ֆրանսիայում 2019 թվականից ի վեր նշվում է որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումները շարունակվել են նաև երեկ: Անցկացվել է ամենամյա պատարագ Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում։ Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը Փարիզում Կոմիտաս վարդապետի արձանի մոտ զոհերին հարգանքի տուրք է մատուցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, այնուհետև պետքարտուղար Գաբրիել Ատալը, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Գրիգոր Գաբրոյանը դեռևս 45 տարի առաջ Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ամեն տարի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ անցկացնել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ամենամյա պատարագը նաև խթան է դարձել, որպեսզի ֆրանսիացի հավատացյալները և Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցին ու հոգևորականությունը տեղեկանան հայոց Մեծ եղեռնի մասին:
Վահե Խաչերյան (Հայ կաթողիկե եկեղեցու պատասխանատու) - Մինչև այսօր Ֆրանսիան իր քաղաքական դեմքերով կողքին է մեր Հայաստանի, մենք էլ միշտ Վիլյամ Սարոյանի ասածի պես աշխարհի, որ մի անկյունն էլ լինենք Հայաստան ենք շինում: Այսօր մենք աղոթքներում մենք հիշեցինք, ոչ միայն մեր նահատակներին, այլ նաև Արցախի զոհերին, և կմաղթենք, որ մեր պետականությունը զորանա:
Պատարագն անցկացրին Կաթողիկե եկեղեցու գերապայծառ Եղիա Եղիայանը և Ֆրանսիայի Կրետեյ քաղաքի կաթոլիկ եկեղեցու գերաշնորհ Միշել Սանտիերը:
Ֆրանսուա Քսավիե Բելլամին (Եվրախորհրդարանի պատգամավոր) - 2020 թվականի վերջին տեսանք, որ հայերը կրկին թիրախավորվել էին նույն ուժերի կողմից, այս անգամ՝ Արցախում, և մենք տեսնում ենք, թե նրանք ինչպես են ոչնչացնում հայկական մշակույթը: Դա ցեղասպանության և ժխտողականության տրամաբանության շարունակությունն է։ Թուրքիան ամբողջ տարածաշրջանում անկայունություն է սփռում, և այն, ինչ Թուրքիան արեց Հայաստանի դեմ, միջազգային իրավունքի նկատմամբ արհամարհանքի ևս մեկ դրսևորում էր։ Եվրոպան պետք է միացյալ ջանքերով պահանջի հայ ռազմագերիների ազատումը: Պետք է վերջ դնել լռությանը:
Բժշկուհի Նուրիցան առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին լսել է իր մեծ մայրիկից, ամեն տարի հիշատակի արարողությանը հնչեցնում է պահանջատիրության և արդարության մասին։
Նուրիցա Թորոսյան (բժշկուհի) - Ուրախ ենք տեսնել, որ ֆրանսիացիները մեր կողքին են՝ հիշելու համար, և մեզ հետ են հիմա:
Պատարագին մասնակցեցին և իրենց աղոթքը հնչեցրին հույն, ասորախալդեական և Լիբանանի մարոնիտ եկեղեցու հոգևորականները: