Սնունդը աշխարհում շատերին չի հերիքում: Թերի սնվող մարդկանց թիվը, Քովիդի առաջ բերած տնտեսական խնդիրների պատճառով, շուտով կհասնի 800 միլիոնի՝ հաշվարկել են միջազգային փորձագետները: Այս ահազանգը հաշվի առնելով՝ Հայաստանը միացել է պարենային կայուն համակարգեր ստեղծելու ՄԱԿ-ի կոչին ու ազգային մակարդակով քննարկում սկսել: Անհրաժեշտ է մթերքի վաճառքի լոգիստիկ նոր շղթաներ գտնել, շուկաների հասանելիություն ապահովել, անցնել ավելի արդյունավետ կանաչ գյուղատնտեսության՝ թվարկում է էկոնոմիկայի նախարարը:
Արման Խոջոյան (ՀՀ Էկնոմիկայի նախարարի տեղակալ) - Հայաստանում պետք է կրճատել հետբերքահավաքային կորուստները, որը որոշ գյուղապրանքների համար հաճախ հասնում է 30 տոկոսի:
Այն եղանակով, ինչ հիմա են ֆերմերները եկամուտ ստանում՝ արդյունքը քիչ է, օգտագործվող թունաքիմիկատներից՝ բնության բաժին վնասը՝ մեծ: Մարդկանց անվտանգ սննդով ապահովելուց մինչև ցնցումային-սթրեսային իրավիճակներին դիմացող պարենային մոդելներ ստեղծելու 5 նպատակ է առաջ քաշել գագաթնաժողովը՝ տեղեկացնում է քննարկումը համակարգող Ագրարային համալսրանի ռեկտորը: Առաջնահերթ 7 խնդիր էլ՝ մեր երկիրը սահմանել է Գյուղատնտեսության զարգացման մինչև 2030 թվականի ռազմավարությամբ. մշակվել է նաև՝ հողերի այսպես ասած բանկ ստեղծելու գաղափարը, որպեսզի սեփական արտը չցանող գյուղացին շահագրգռված լինի այն կամ վարձով տալ, կամ վաճառել հողից փող ստեղծողին: Պարապ թողած այգետարածքները հիմա անթույլատրելի շատ են՝ ասում է Իռա փանոսյանը:
Իռա Փանոսյան (ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման և զարգացման վարչության պետ) - Ունենք 2 մլն հա գյուղատնտեսական նշանակության հողեր, որից վարելահողերը 440 հազար հա են, և ըստ վերլուծության՝ 50 տոկոսը չի մշակվում արդյունավետ ու նպատակային ու մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ չօգտագործվող հողերը ներառենք շրջանառության մեջ:
Ուսումնասիրության համաձայն՝ անմշակ հողերի մեղավորը նաև ոռոգման համակարգի թերությունն է. ջուրը շատ տեղեր չի հասնում: Գյուղատնտեսության զարգացման է՞լ ինչ խոչընդոտներ ունենք՝ պարզ կդառնա քննարկման ավարտին:
Պարենային հարցերով մեծ գագաթնաժողովը ՄԱԿ-ի օրացույցում նշանակված է սեպտեմբեր-հոկտեմբերին: