Արտակն այս մեկ տարում երկրորդ անգամ ծնվեց: 3-րդ երեխան է, որի լյարդը Հայաստանում փոխպատվաստվել է:
Գայանե Երիցյան (Արտակի մայրը) - Որ իմացանք փոխպատվաստման մասին, ինձ մոտ շոկային պրոցես էր, սկզբում չէի կողմնորոշվում, հետո ընթացքում հասկացա, տրամադրեցի, որ փոքրիկին պետք է օգնեմ, նա պետք է ապրի:
Զույգ եղբայրներց Արտակն ի ծնե դեղնություն ուներ աչքերում: Բուժզննությունը ցույց տվեց, որ մանկական դեղնուկի ախտանշան չէ:
Պողոս Գեյիկյան («Արաբկիր» բժշկական համալիրի ուրովիրաբուժական բաժանմունքի վարիչ) - Լեղուղիների զարգացման բնածին արատ էր, այսինքն՝ բացակայություն, որի ժամանակ, լեղին, կուտակվելով օրգանիզմում, առաջացնում է ցերոզ և տերմինալ լյարդային անբավարարություն:
Ինն ամսական երեխան սկսեց պատրաստվել ծանր վիրահատության: Կյանքը փրկելու համար մայրը որոշեց դոնոր դառնալ: Արաբկիր բուժկենտրոնի մասնագետները Մինսկի տրանսպլանտոլոգիայի ինստիտուտի բժիշկների հետ կատարեցին փոխպատվաստումը:
Պողոս Գեյիկյան - Երեխային հնարավորինս պահեցինք, որ վիրահատելի լինի, օպերաբիլ լինի: Հասցրինք համապատասխան քաշի և տարիքի:
Վիրահատական բարդ միջամտությունից հետո երեխան բժշկական հսկողության տակ է: Քիչ-քիչ քաշ է հավաքում:
Սիրանուշ Փաշինյան («Արաբկիր» բժշկական համալիրի գաստրոէնտերոլոգիական, լյարդաբանական դիսպանսերի բժիշկ) - 7,8 կգ, շորիկներն էլ որ հանենք, 1 կգ 600 գրամ ավելացել է փոխպատվաստումից հետո, որը լավ ցուցանիշ է: Երբ բալիկը սկսում է քաշ հավաքել ծանր վիրահատությունից հետո, դա նշանակում է՝ լյարդը լավ աշխատում է:
Փոքրիկի փոխպատվաստված լյարդը հիմա նորմալ գործում է: Մի քիչ գունատությունը ծանր վիրահատության հետևանք է:
Սիրանուշ Փաշինյան - Լյարդը համարյա չի աշխատել, քաշ չէր հավաքում: Հեմոգլոբինը ցածր էր, փայծաղի չափերը մեծացել էին՝ պայմանավորված ցերոզով:
Լյարդի 3-րդ, բայց իր տեսակի մեջ առաջին փոխպատվաստումն էր՝ հայ և բելառուս մասնագետների բժշկական սխրանքի շնորհիվ:
Արա Բաբլոյան («Արաբկիր» բժշկական համալիրի ղեկավար) - Մեծ էր պատասխանատվությունը:
Վիրահատության առաջին մասը սկսեցին հայ մասնագետները: Շարունակությունը արդեն համատեղ իրականացվեց:
Օլեգ Ռումմո (Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և արյունաբանության կենտրոնի տնօրեն) - Լյարդի մի հատվածը, որ վերցրել ենք մորից, շատ մեծ էր: Բարդությունն այն էր, որ անոթները շատ նուրբ էին, նաև պետք է փորձեինք տեղավորել փոքրիկի որովայնում: Դեռ վաղ է կանխատեսումներ անել: Բայց մեր հայ գործընկերների հետ հաղթահարեցինք դժվարությունները՝ վիրահատությունը հաջող անցավ:
Հանրությունը մենակ չթողեց երեխային: Ժամերի ընթացքում հավաքվեց 30 հազար դոլար: Երեխան դեռ երկար կմնա բժիշկների հսկողության տակ:
Արտակը երեկ մեկ տարեկան դարձավ: Բժշկուհին շեղում է փոքրիկի ուշադրությունը, որ չխանգարի մայրիկին՝ պատմել իր մասին: