ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության օրվա ուղերձը նշանակալից ներդրում ունի Մեծ Եղեռնի գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում: BBC Weekend-ի հետ հարցազրույցում ճանաչման գործընթացից խոսել է արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Արա Այվազյան, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար - Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է հանուն պատմական արդարության, իր պատմական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանքի համար: Մենք ողջունում ենք նախագահ Բայդենի հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ-ն հստակորեն սահմանում է 20-րդ դարում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային վայրագությունները որպես ցեղասպանություն:
ԱՄՆ հայտարարությունը կարևոր ներդրում կունենա Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման ու դատապարտման հարցում, քանի որ դա համամարդկային խնդիր է՝ կարծում է արտաքին գերատեսչության ղեկավարը: Իսկ արդյո՞ք սա կազդի Հայաստան-Թուրքիա հարաբերության վրա:
Արա Այվազյան - Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական և ագրեսիվ քաղաքականություն` անկախության վերականգնումից ի վեր՝ սկսած 1991 թվականից: Թուրքիան մերժեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փակեց սահմանը և Հայաստանի դեմ վարեց հետզհետե աճող թշնամական քաղաքականություն։ Ավելին` Թուրքիան ուղղակիորեն ներգրավվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայում՝ մեր տարածաշրջան ուղարկելով հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների: Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս շատ կարևոր հայտարարությունը ճանապարհ կհարթի երկխոսության և, ի վերջո, հարաբերությունների կարգավորման համար: Այն նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:
Արա Այվազյանը կարծում է, որ դա հող կնախապատրաստի երկու հարևան երկրի միջև երկխոսության համար և կօգնի հաղթահարել անջրպետը: