Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ անցյալ ամիս Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը «վիրավորված և միայնակ» է զգացել իրեն, և վատ վերաբերմունքի է արժանացել, որովհետև կին է: Այս մասին տեղեկացնում է Euronews պարբերականը:
Եվրահանձնաժողովի առաջին կին նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ու Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Անկարայում հանդիպել էին Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին ԵՄ-Թուրքիա հարաբերությունների շուրջ բանակցելու նպատակով:
Եռակողմ հանդիպման ժամանակ ընդամենը երկու աթոռ է եղել, որոնք զբաղեցրել էին երկու տղամարդիկ, իսկ կին ղեկավարը մնացել էր առանց աթոռի: Տարակուսանքի մեջ հայտնված Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նստել էր տղամարդկանցից հեռու գտնվող բազմոցին:
Ավելի ուշ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ նախկինում նման հանդիպումների ժամանակ երբեք աթոռի խնդիր չի առաջացել:
«Ես վիրավորված ու միայնակ զգացի ինձ թե՛ որպես կին, թե՛ որպես եվրոպացի, քանի որ սա նստեցնելու կամ արարողակարգի հարց չէ, սրա արմատներն ավելի խորն են: Սա այն մասին է, թե ովքեր ենք մենք»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը: