ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին Մեղրիում գործող մաքսային պահեստի վերաբերյալ:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ Մեղրիում գործող մաքսային պահեստում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են գործունեության հետ:
«Իմ հրամանով մաքսային պահեստի լիցենզիան դադարեցվել է: Կշտկեն, կվերանայենք»,- հայտնեց ՊԵԿ նախագահը:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ խախտումների մասին է խոսքը, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ մաքսային պահեստին վերաբերող բազմաթիվ պահանջներ կան, այդ թվում՝ ռենտգեն սարքերի առկայությունը:
«Կոնկրետ տվյալ մաքսային պահեստում ռենտգեն սարքավորումը չի աշխատել և մի շարք այլ խախտումներ, որոնք արձանագրված են: Դրանք այս պահին բոլորը չեմ հիշում»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Նա չժխտեց, որ մյուս մաքսային պահեստներում ևս խնդիրներ առաջացել են, և նրանց, ըստ կարգավորումների, ժամանակ է տրվել, որ խախտումները վերացնեն:
«Այսինքն՝ խախտումների տեսակից և բնույթից ելնելով՝ դրանք ենթակա չէին դադարեցման: Ուզում եմ նշել, որ անհամապատասխանությունների դեպքում կդադարեցնեմ ցանկացած մաքսային պահեստի գործունեություն՝ առանց բացառությունների»,- հավելեց Հովհաննիսյանը:
Հարցին՝ ինչ խնդիրներ կարող են ունենալ քաղաքացիները մաքսային պահեստներում ծագած խնդիրների պատճառով, պատասխանեց՝ այն բեռները, որոնք մաքսազերծվում էին, պահպանվում էին տվյալ մաքսային պահեստներում, կպահպանվեն այլ մաքսային պահեստներում, մինչև խնդիրները վերացվեն:
Հիշեցնենք՝ մամուլում երեկ լուրեր շրջանառվեցին, որ հայ-իրանական սահմանին՝ Մեղրիի անցակետի մոտ, Հայաստանից Իրան ուղևորվող բեռնատարների խոշոր կուտակումներ կան, և որ մաքսային անցակետը չի գործում։ Ըստ հրապարակումների՝ պահեստը փակելու հրահանգն իբր տվել էր ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։
ՊԵԿ նախագահը նաև հաստատել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը հրավիրվել էր ՊԵԿ քննչական վարչություն։ Թե ինչ քրեական գործի շրջանակում, պաշտոնյան չի մանրամասնել: