Թուրքիայում շարունակվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ հիստերիան: Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այս թեմայով արձագանքը համեմատել է կապիտուլյացիայի հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Կա պաթոս, չկա արդյունք: Կա կապիտուլյացիա, չկա արձագանք: Ի՞նչ եք նախաձեռնել ԱՄՆ նախագահի հայտարարությանն ի պատասխան: Այն ամենը, ինչ Ձեզ անհանգստացնում է՝ հունիսին Բայդենի հետ ևս մեկ գավաթ թեյ խմելն է»,-հայտարարել է Դավութօղլուն:
Թուրքիայի գլխավոր ընդդիմության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին մեղադրել է «առյուծային» արձագանքի բացակայության համար: Ընդդիմության ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Թուրքիայի նախագահը լռեց, հետո խոսեց կատվի նման:
Իսկ Թուրքիայի խորհրդարանը հատուկ բանաձևով դատապարտել է ԱՄՆ նախագահի ուղերձը: «Վճռականորեն դատապարտում ենք 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ Բայդենի հայտարարությունը, որը պարունակում է հայկական լոբբիստական կազմակերպությունների գաղափարները, և մերժում ենք այդ անհիմն զրպարտանքը: ԱՄՆ նախագահն իրավական և բարոյական իրավունք չունի դատելու պատմական հարցերով»,- նշված է Թուրքիայի Մեջլիսի բանաձևում: