«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ՀՀ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ամենայն հավանականությամբ կհաղթի հունիսի 20-ին Հայաստանում նախանշված խորհրդարանի արտահերթ ընտրություններում: Նման կարծիք է հայտնել «Վալդայ» ակումբի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Եթե ոչ մի արտառոց դեպք չպատահի, ապա, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը, ոչ այնքան վստահ, որքան անցյալ ընտրություններին, սակայն կհաղթի»,- նշել է փորձագետը:
Նա շեշտել է, որ հարցումների համաձայն՝ երկրում Փաշինյանի աջակցության աստիճանը բարձր է, և նա պահպանում է որոշակի քաղաքական իշխանություն:
«Նա միայն տեխնիկապես և պաշտոնապես է հեռանում վարչապետի պաշտոնից, հետևաբար՝ վերահսկում է գործադիր և օրենսդիր իշխանությունները: Անկախ ղարաբաղյան պատերազմի ելքից, նախկին ղեկավարների հանդեպ հակակրանքն աշխատում է Փաշինյանի օգտին: Իսկ երրորդ ուժ չկա, հետևաբար՝ շատ դեպքերում նա այլընտրանք չունեցող ղեկավար է մնում»,- շարունակում է Պրիտչինը:
Վերլուծաբանի կարծիքով, սակայն, ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդել անսպասելի իրադարձությունները, որոնք կարող են ծագել թե՛ Հայաստանի ներքին իրավիճակում, և թե՛ հայ-ադրբեջանական ուղղությամբ: «Իրավիճակը բավական թեժացած է: Բաքուն նույնպես սուր հայտարարություններ է անում: Եվ այստեղ չի կարելի ասել՝ իրավիճակը կայուն է»,- ամփոփել է նա: