ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլի 27-ին ընդունեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, որը Հայաստանում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար:
Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ իր համար անձնապես մեծ պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին Ազգային ժողովում:
ԱԺ նախագահը և բարոնուհի Քոքսը քննարկեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Արցախում հումանիտար իրավիճակի բարելավմանը, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող ռազմագերիների և այլ անձանց հայրենիք վերադարձին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղելու ջանքերը միջազգային գործընկերների հետ աշխատանքներում:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Քերոլայն Քոքսին` շուրջ 30 տարի հայերի կողքին լինելու և այս տարիների ընթացքում անշահախնդրորեն արդարացի պայքար մղելու համար: