«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու երրորդ տրանշը՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհի մեկ ուղղությունը աշնանը պատրաստ կլինի: Այժմ մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները: Շինարարների հավաստմամբ՝ եռաշերտ ծածկույթը դիմանալու է եղանակային բոլոր պայմաններին: Ժամանակացույցից հետ չմնալու համար անհրաժեշտ է պահպանել ասֆալտապատման ներկայիս տեմպերը՝ օրական մոտ 300 մետր: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ժամանել է շինհրապարակ, գոհունակությամբ արձանագրել աշխատանքի վերսկսման փաստը:
Սուրեն Պապիկյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար) - Դեպի Գյումրի ճանապարհը մեզ համար ունի կենսական նշանակություն: Նաև տնտեսության և զբոսաշրջության համար: Մասնագետները ասացին, որ սեպտեմբերի դրությամբ մենք կունենանք 42 կիլոմետրի երկշերտ ասֆալտապատ ճանապարհ:
Շինարարական աշխատանքները «Հյուսիս-հարավի» այս հատվածում դադարել էին կորոնավիրուսի պատճառով՝ դեռ 2020 թվականի սկզբին: Կապալառու ընկերության աշխատակիցները փակ սահմանների պատճառով չէին կարողացել Չինաստանից Հայաստան հասնել: Այս ժամանակահատվածում որոշվել էր բետոնե ճանապարհի փոխարեն ծածկույթն ասֆալտապատել: Նախարարությունը նման քայլի է դիմել ժամանակ խնայելու ու ըստ նախարարի, նաև ճանապարհի որակը բարձրացնելու համար:
Սուրեն Պապիկյան - Կան բազմաթիվ քրեական գործեր, որոնց մեջ նաև էական դերակատարում ունի գործող բետոնի որակի հարցը: Հայաստանում առկա ցեմենտը չի համապատասխանում այն ստանդարտներին, որոնք առաջադրել է բանկը: Դա տեսանելի է թե աշտարակի, թե արտաշատի հատվածում:
«Հյուսիս-հարավի» հարցով քրեական գործ էր հարուցվել դեռ 2018 թվականին՝ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների փաստերի առիթով: Խոսքը, մասնավորապես, մրցույթների իրականացման գործընթացում խախտումներ թույլ տալու, Ծրագրի անարդյունավետ ղեկավարման, աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության բացակայության մասին է: Ինչպես գլխավոր կապալառուի ընտրության, այնպես էլ մյուս մրցույթներում սահմանված կանոնների կոպիտ խախտման արդյունքում հաղթող էին ճանաչվել հավասար պայմաններում ավելի բարձր գին առաջարկած կազմակերպությունները: Պետությանը պատճառվել էր շուրջ 24 մլրդ դրամի վնաս: Քրեական գործում ներգրավվել է 18 մեղադրյալ:
Եթե «Հյուսիս-հարավի» երրորդ հատվածում շինարարական աշխատանքը վերսկսել է, մայրուղու երկրորդ տրանշի ապագան դեռ անհայտ է: Աշտարակ-Թալին ճանապարհի վերաբերյալ այժմ փորձաքննություն է ընթանում՝ հասկանալու համար, թե ինչ ծավալի աշխատանք են կատարել և դեռ պետք է կատարեն:
Սուրեն Պապիկյան - Հիմա քննարկում կա իսպանացի գործընկերների հետ հնարավորության պարագայում ստեղծել երաշխիքներ, որպեսզի շինարարությունը շարունակվի:
Հայաստանի համար անչափ կարևոր այս ճանապարհի կառուցումը մեկնարկել էր 2012 թվականին, սակայն մինչև հիմա շահագործման է հանձնվել միայն մեկ ՝ Արտաշատ-Աշտարակ հատվածը:
Թե երբ իրականություն կդառնա ամբողջական ծրագիրը՝ պարզ չէ, սակայն կառավարությունը մտադիր է շարունակել ճանապարհի շինարարությունը: