New York Times հեղինակավոր պարբերականը հոդված է հրապարակել «Հայոց ցեղասպանությունը պատմության և քաղաքականության մեջ» թեմայով՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ամենամյա ուղերձին, որում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը:
Պարբերականը նշում է, որ տարիներ շարունակ այս թեմայից խուսափելուց հետո, մեկ դար առաջ Օսմանյան կայսրության իրականացրած 1.5 մլն հայերի սպանություններն ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես ճանաչում է որպես ցեղասպանություն:
Թեպետ Թուրքիային կատաղեցնելու ռիսկը մեծ էր, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների նախագահ Բայդենը 1.5 մլն հայերի սպանությունները՝ ամենահրեշավոր հանցանքը, անվանել է ցեղասպանություն:
Ջո Բայդենն առաջին ամերիկացի նախագահն էր, որը նման հայտարարությամբ է հանդես եկել: Մինչդեռ ԱՄՆ նախկին նախագահները չեն ցանկացել հակադրվել ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում գտնվող երկրին՝ Թուրքիային:
Այդ հայտարարությունը ահռելի խորհրդանշական կշիռ ունի՝ հայերի դեմ բռնությունն իր մասշտաբով հավասարեցնելով նացիստների կողմից գրավված Եվրոպայում, Կամբոջայում և Ռուանդայում իրականացված վայրագություններին:
«Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը բարոյական ապտակ էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Ցեղասպանությունը ջերմեռանդ մերժողին: Նա իր զայրույթն է հայտնել բոլոր այն առաջնորդներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապին:
New York Times-ը բացատրում է «ցեղասպանություն» եզրույթի սահմանումը. դա մարդկանց միտումնավոր սպանությունն է, մասնավորապես, ռասայական, քաղաքական ու մշակութային հատուկ խմբերի պատկանելության պատճառով, որի նպատակն է նրանց լիակատար ոչնչացումը:
«Ցեղասպանություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Ցեղասպանությունը՝ որպես հանցագործություն, միջազգայնորեն սահմանվել է 1948-ին ՄԱԿ-ի կողմից:
Հոդվածում հստակեցվում է Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, և ներկայացվում է ողջ ճշմարտությունը: Հայոց ցեղասպանությունը հայերի դեմ իրականացված բռնություններն են, որոնք խորանում են ժամանակակից Թուրքիայի նախնիների՝ Օսմանյան կայսրության պատմության մեջ: Նշվում է, որ 1.5 մլն հայեր սովամահ են եղել և սպանվել են Օսմանյան կայսրության զինվորականների ու ոստիկանների ձեռքով, բռնի տեղահան են եղել ու քշվել դեպի ներկայիս Սիրիայի տարածք և Մերձավոր Արևելքի այլ ուղղություններով:
Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է եղել: Թուրքիայի կառավարությունը հերքում է այն՝ ընդգծելով, որ առաջին աշխարհամարտի ժամանակ շատ թուրքեր էլ են մահացել, և որ հայերի ներկայացրած թվերն ուռճացված են:
Ինչո՞ւ են ԱՄՆ նախագահները ձեռնպահ մնացել Ցեղասպանությունը ճանաչելուց: Ոմանք շատ մոտ են եղել: ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981-ի ապրիլի 22-ին անդրադարձել է «հայերի ցեղասպանությանը» նացիստների մահվան ճամբարների ազատագրումը հիշատակող հայտարարության մեջ: Սակայն ԱՄՆ ղեկավարները հիմնականում խուսափում էին սպանություններն անվանել ցեղասպանություն՝ Թուրքիայից հակահարված չստանալու պատճառով, ինչը կարող էր վտանգել տարածաշրջանային հակամարտություններում իրենց համագործակցությունն ու դիվանագիտությունը: