44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Հարազատների հետ կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել: Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել նաև հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ: Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է տրվել անձանց, որոնց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է, և որոնց Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից պարբերաբար այցելում են:
Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար). «Տեսագրությունների միջոցով հաղորդագրություններ ուղարկել. սա նոր ձևաչափ է, որը կոմիտեի աշխատակիցները կարողացան կիրառել: Կարող ենք հույս հայտնել, որ միջոցները կկարողանանք կիրառել, քանի դեռ մարդիկ անազատության մեջ են: Տվյալ դեպքում ընտանիքին տեսնել, հարազատին, ոչ միայն գրավոր, իր ձեռագրով գրած նամակով: Նախատեսում ենք, որ հնարավորության դեպքում նման հաղորդագրություններով նաև հարազատները կիսվեն նրանց հետ, որոնք պահվում են Ադրբեջանում»: