Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, որը Հայաստանում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար:
Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը բարոնուհին մասնավորապես ասել է.
«Ես միշտ ասել եմ` ես բուժքույր եմ, հասարակագետ՝ միտումնավոր, բարոնուհի՝ ի զարմանս ինձ: Լորդերի պալատում ես ուզում եմ իմ դերն օգտագործել և իմ ձայնը լսելի դարձնել այն մարդկանց համար, որոնց ձայները լսելի չեն: Հայերի ձայնը ևս բավականաչափ լսելի չէ բրիտանական կառավարությունում:
Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Արցախի ժողովրդին, քանի որ գտնվում են հավատքի և ազատության պայքարի ճակատում՝ վճարելով այդպիսի բարձր զոհաբերություն: Դուք պատերազմում էիք, և մենք ականատես եղանք ռազմագերիների տառապանքին, որը շարունակվում է:
Ես զայրույթով լի եմ բրիտանական կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Մենք չենք անում առավելագույնը, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի իր գործած հանցագործությունների համար. անպատիժ չթողնենք ռազմագերիներին պահելու հանգամանքը և այլ ռազմական հանցագործությունները: Այսպիսով, ես կցանկանայի տեսնել ավելի մեծ ճնշում միջազգային հանրության կողմից, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի դատարանում:
Ինչպես միշտ, մեծ հիացմունքով լի եմ Հայաստանի հանդեպ: Հայաստանը հրաշալի երկիր է իր արվեստով, երաժշտությամբ, մշակույթով և ժողովրդավարությամբ: Իմ սերը մեծ է Հայաստանի և Արցախի հանդեպ»: