Նախորդ տարվա առանձնահատկությունը ամբողջ աշխարհը ցնցած համավարակի բացասական հետևանքներն էին, որոնք իրենց ազդեցություններն ունեցել են նաև Հայաստանի վրա՝ թե՛ առողջապահական համակարգի, թե՛ տնտեսության: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2020 թվականի բյուջեի ինն ամիսների կատարողականի քննարկմանը, ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրեց, որ 2020-ի ավարտին Հայաստանում արձանագրվել է 7.6 տոկոս տնտեսական անկում:
Նրա խոսքով՝ անցած տարի իրականացվել է ճգնաժամին համապատասխան հարկաբյուջետային քաղաքականություն: Ըստ այդմ՝ ծախսերի մասով որևէ պարտավորություն չի նվազեցվել, հակառակը՝ առաջարկվել է նոր պարտավորությունների իրականացում, քանի որ, ըստ նախարարի, ճգնաժամային իրավիճակում փոխվում է նաև սպասումը Կառավարությունից և բյուջեից: Ջանջուղազյանը նշեց, որ իրականացվել են հակաճգնաժամային միջոցառումներ՝ մեղմելու ճգնաժամի բացասական ազդեցությունը: «Գիտակցելով, որ տնտեսական անկումն ու հարկային եկամուտների ցածր մակարդակն անխուսափելի են, առաջարկվել է այդ իրավիճակին համապատասխան հարկաբյուջետային քաղաքականություն՝ ծախսերը չեն նվազել, արձանագրվել է զգալի ցածր հարկային եկամուտների մակարդակ, և դրա գինը պակասուրդի ավելացումն էր, որը հնարավոր է միայն պետական պարտքի մակարդակի փոփոխությամբ»,- ասաց նախարարը:
Ջանջուղազյանը հայտնեց, որ 2020-ի ինն ամսվա ծրագրով եկամուտների համար նախատեսված ցուցանիշը կատարվել է 98.8 տոկոսով, ծախսերի համար՝ 84.4 տոկոսով: