Ազգային ժողովում այսօր քննարկվեց 2020 թվականի պետական բյուջեի ինը ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Տեղեկատվությունը քննարկելուց նախ պետք է անդրադառնալ տվյալ տարվա առանձնահատկություններին՝ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ընդգծեց՝ առաջինը ամբողջ աշխարհը ցնցած կորոնավիրուսի բացասական հետևանքներն էին, որոնք իրենց ազդեցությունը ունեցել են նաև Հայաստանի տնտեսության վրա: Երկրորդ ցնցումը երկիրը ապրեց 44-օրյա պատերազմի ընթացքում: Տարվա ընթացքում, էլ ըստ Ջանջուղազյանի, փորձ է արվել իրականացնել հարկաբյուջետային համարժեք քաղաքականություն: Ըստ այդմ՝ ծախսերի մասով որևէ պարտավորություն չի նվազեցվել, հակառակը՝ իրականացվել են հակաճգնաժամային բազմաթիվ միջոցառումներ:
Տարվա ընթացքում ծախսերը եղել են նախատեսվածից շատ, իսկ հարկային եկամուտները՝ էականորեն ցածր: Հենց սրա հետևանքով էլ ավելացել է բյուջեի պակասուրդը , ինչն էլ ըստ ֆինանսական ոլորտի գլխավոր պատասխանոտւի, նոր պարտք ներգարվելու պատճառ է դարձել: Նախարարը նաև մի քանի հիմնական տվյալ ներկայացրեց: ինը ամսվա ծրագրով եկամուտների համար նախատեսված ցուցանիշը կատարվել է 98.8 տոկոսով:
Հատկանշական է, որ ներքին ռեսուրսներից ակնկալվող ցուցանիշը կատարվել է 100.3 տոկոսով: Հարկային եկամուտները ծրագրայինի համեմատ ունեցել են 100.6 տոկոս կատարողական: Ծախսերի գծով 84.4 տոկոս կատարողական է արձանագրվել: Ինն ամսվա արդյունքներով համեմատաբար ցածր է եղել արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի կատարողականը` կազմելով 27.5 տոկոս:
Օրենքով, եթե պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 60 տոկոսը, ապա կառավարությունը պարտավոր է Ազգային ժողովին ներկայացնել այն հետագիծը, որով պարտքը կնվազեցվի վտանգավոր համարվող այդ շեմից:
Համավարակի բացասական հետևանքները մեղմելու համար մի շարք օրենսդրական փոփոխություններ են իրականացվել: Նիստում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահը: ՊԵԿ-ը Կառավարության ծրագրով նախատեսված աջակցության ծրագրերի շրջանակում մոտ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին: Ինը ամիսների հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 23.73 տոկոս, ինչը 0.12 տոկոսով ավելի է 2019-ի ցուցանիշից:
2021-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտները կազմել են 332.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 16.1 մլրդ-ով: Հովհաննիսյանը պնդեց՝ այդ բացասական տարբերությունը ունի հիմնավոր պատճառներ:
2021 թվականի առաջին կիսամյակի հարկային եկամուտները ակնկալվում է, որ կկազմեն 683 միլիարդ դրամ, որը 2,7 միլիարդով գերազանցելու է նախորդ տարվա փաստացի կատարողականը: