Քաղաքական բանավե՞ճ, թե՞ անձնական վիրավորանք ու հայհոյանք։ Որոշ քաղաքական գործիչներ նախընտրում են հեռակա վիրավորանքը, հայհոյանքը՝ նույնիսկ բռնցքամարտը։ Ռինգում հարցեր լուծելու հրավեր վերջերս արեց նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն՝ Ազգային ժողովի «Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։ Վահե Հակոբյանը մենամարտի օր ու ժամ էր նշանակել:
Վահե Հակոբյան,«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ - Կամ ցանկացած ուրիշ մարտարվեստ։ Բա ես իրեն ի՞նչ անեմ հիմա, կո՞ւլ տամ, կգնա կբողոքի։ Սովոր են։ Հետո կգնան ոստիկանություն, դիմումներ կգրեն, քրգործեր հարուցեն։ Ուրիշ լեզու իրենք չգիտեն։
Հրաչյա Հակոբյանը Վահե Հակոբյանի մարտահրավերն ընդունեց, սակայն առաջարկեց խոսել ուրիշ լեզվով։ Ոստիկանություն դիմելու կամ բոքսի ռինգի փոխարեն՝ քաղաքական դեբատը։ Դատարկաձեռն չէր եկել, Վահե Հակոբյանին բերել էր մեդալ և բացատրական բառարան՝ բանավեճը մենախոսությունից տարբերելու համար։
Հրաչյա Հակոբյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը> խմբակցության պատգամավոր - Իմ ռինգն Ազգային ժողովում է, և ես հրավիրում եմ Ազգային ժողով կամ հեռուստաեթերի՝ մենախոսության, ինչպես դուք ասացիք, բայց ես ուրախ եմ, որ դուք գտաք ձեր տեղն այս կյանքում։ Առաջարկում եմ մտնել այս ռինգ և այնտեղից դուրս չգալ, որովհետև քաղաքականության մեջ անելու ոչինչ չունեք։
Հայաստանում քաղաքական բանավեճերի մշակույթը չի կայանում, որովհետև քաղաքականությունը, որպես հասարակական գործունեության տեսակ, գոյություն չունի՝ վստահ է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան - Ավելի շատ քաղաքականությունը եղել է բիզնեսի տեսակ և սա է նաև, որ քաղաքականությամբ զբաղվողների մոտ չի առաջացել բանավեճի պահանջարկը։
Առաջիկա ընտրապայքարում քաղաքական բանավեճերը կլինեն ոչ բովանդակային՝ ձևական։ Քաղաքական բարեփոխումները Հայաստանում դանդաղ են ընթանում՝ վստահ է Հակոբ Բադալյանը։ Քաղաքական բանավեճեր կազմակերպվում են, սակայն մեծ դժվարությամբ՝ ասում է լրագրող Պետրոս Ղազարյանը։ Պատճառն այն է, որ քաղաքական գործիչները չունեն կուտակված խնդիրների լուծումները։
Պետրոս Ղազարյան, լրագրող - Տեսեք մենք ուր ենք հասել: Եթերով արդեն բաց հայհոյանքներ են հնչում և դա ողջունվում է, դա հիացական է: Սա նոր չէ, մենք եկել ենք սրան։ Դա սպանում է բանավեճը։
Քաղաքական բանավեճերին հաճախ չեն նպաստում լրատվամիջոցները՝ ասում է Պետրոս Ղազարյանը։ Լրատվամիջոցները ոչ թե հնարավորություն են տալիս հանրությանը լսելու քաղաքական հակառակորդների տեսակետները, այլև խնդիր են դնում ոչնչացնելու իրենց ղեկավարների հակառակորդներին։ Մինչդեռ դրանից տուժում է հանրությունը, որի արձագանքը լինելու է քաղաքական ուժերին չվստահելը։