Տնտեսական աճ՝ մեկամյա անկումից հետո: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի մարտի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Նախորդ ամիս 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) 3,8 տոկոս աճ:
Նման արդյունքն ապահովվել է արդյունաբերական արտադրանքի (3.8), շինարարության (10.8), առևտրի շրջանառության (4.6), ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության (18.3) ծավալների ավելացման շնորհիվ:
Մարտին զգալի տեղաշարժ է արձանագրվել արտաքին առևտրաշրջանառությունում: Հայաստանն արտահանել է 21.8 տոկոսով ավելի, քան 2020-ի մարտին: Ներկրման ոլորտում աճը 5 տոկոս է:
Մարտին սպառողական գները բարձրացել են 5,8 տոկոսով՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Նախորդ ամսվա ցուցանիշները որոշակի մեղմել են հունվար-փետրվարին արձանագրած տնտեսական անկումը: Ընդհանուր առմամբ՝ 2021 թվականի մեկնարկային երեք ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 2 տոկոսով:
Հայաստանը նախորդ տարի հենց մարտի վերջին էր անցել լոքդաունի՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Վիճակագրական կոմիտեի տվյալներից պարզ է դառնում, որ շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտները աստիճանաբար հաղթահարում են համավարակի առաջ բերած բարդությունները: Երեք ամիսների կտրվածքով տնտեսության այս ուղղություններն աճել են 4.7 և 1.4 տոկոսով: